կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Եվս 7000 ուսանող մինչև 20 տոկոս զեղչի համակարգից օգտվելու հնարավորություն կունենա

Եվս 7000 ուսանող մինչև 20 տոկոս զեղչի համակարգից օգտվելու հնարավորություն կունենա

Կառավարությունն առաջարկություններ և դիտողություններ է ներկայացրել  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագծով, մասնավորապես,  առաջարկվում է սահմանել, որ մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով ծախս են համարվում նաև բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական համակազմի մինչև 25 տոկոսին (գործող օրենսդրությամբ սահմանված է 10 տոկոս) ծառայության մատուցման հետ կապված ծախսերը՝ անկախ այդ ծառայությունների դիմաց ուսանողների կողմից հատուցում կատարվելու հանգամանքից: Առաջարկվում է նաև, որ եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական համակազմի մինչև 25 տոկոսի (գործող օրենսդրությամբ սահմանված է 10 տոկոս)՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում ուսման վարձի փոխհատուցման գումարները:

Ինչպես նշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը,  հաշվի առնելով այն, որ ներկայում առկա չեն շահառու համարվող ուսանողներին հասցեական աջակցության այլ գործիքներ, ինչպես նաև այն, որ նախագծով առաջարկվում է ժամանակավոր լուծում՝ քննարկել աջակցության գործիքի սահմանաչափն ուսանողական համակազմի մինչև 25 տոկոսի փոխարեն սահմանել մինչև 20 տոկոս՝ ակնկալելով, որ մինչև նախագծով առաջարկվող միջանկյալ ժամանակահատվածի ավարտը կներդրվեն հասցեական աջակցության այլ գործիքներ և Հարկային օրենսգրքի 121-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով և 147-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով սահմանված կարգավորումներն ուժը կորցրած կճանաչվեն։ Միևնույն ժամանակ, առաջարկվում է նախագծի 3-րդ հոդվածը վերախմբագրել՝ սահմանելով, որ նախագծով առաջարկվող կարգավորումները, ինչպես նաև մինչև նախագծի ուժի մեջ մտնելը գործող՝ Հարկային օրենսգրքի 121-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով և 147-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով սահմանված կարգավորումները գործում են մինչև 2024 թ. հուլիսի 1-ը՝ հաշվի առնելով, որ նշված ամսաթվին ավարտվում է կիրառության համար նախատեսվող վերջին՝ 2023-2024թթ․ ուսումնական տարին։ ՀՀ ֆինանսների նախարարության գնահատմամբ նախագծի ընդունումը կհանգեցնի պետբյուջեի տարեկան եկամուտների՝ մինչև 500 մլն դրամի չափով նվազեցման:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով օրինագծին, նշել է, որ ՀՀ կառավարությունը և քաղաքական մեծամասնությունը միջոցներ է ձեռնարկում գնաճին և սոցիալական խնդիրներին արձագանքելու համար: ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագիծն այս գործընթացի ժամանակավոր միջոցների մի հատվածն է: Մինչ այս գործում էր հետևյալ կարգավորումը. բուհերը ուսանողների մինչև 10 տոկոսի համար կիրառել են ուսման վարձի որոշակի զեղչեր, 10 տոկոսից ավելիի դեպքում էլ կարող էին կիրառել, բայց հարկային պարտավորություններ էին առաջանում բուհերի համար: Հիմա բուհերը կարող է զեղչերի համակարգը կիրառել մինչև 20 տոկոս և հարկային պարտավորություններ չի առաջանա: Այսինքն, այլ կերպ ասած, այս փոփոխության արդյունքում ևս 7000 ուսանող զեղչի համակարգից օգտվելու հնարավորություն կունենա` առանց բուհերի համար լրացուցիչ հարկային պարտավորությունների», – ասել է վարչապետը՝ հավելելով, որ քաղաքական մեծամասնությունը, կառավարությունը հռչակել է՝ ուսման վարձի պատճառով բարձր ՄՕԳ ունեցող ոչ մի ուսանող բուհից դուրս պետք է չմնա: 

 

  • Կիսվել: