Եթե անձը ենթադրաբար անմեղսունակ է, մնում է նրան թողնել անազատության մեջ ու ասել՝ ում ինչքան կարող ես վնաս հասցրո՞ւ. վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Հոգեբուժական օգնության մասին» եւ հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթին:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ փաթեթի ընդունումը պայմանավորված է հոգեկան առողջության պահպանման ոլորտում առկա մի շարք օրենսդրական բացերը լրացնելու, հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքներն օրենքով սահմանելու եւ դրանց պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ սահմանելու անհրաժեշտությամբ:
«Առաջին անգամ օրենքով ամրագրվել են ֆիզիկական զսպման, մեկուսացման միջոցների, հանդարտեցման մեթոդների կարգը եւ պայմանները, այդ թվում՝ սահմանելով նաեւ դրանց կիրառման տեւողությունը: Նախագծով նաև ամրագրվել է լիազոր մարմնի կողմից հաստատված ծավալի սահմաններում ընտանեկան բժիշկների կողմից հոգեբուժական օգնության հնարավորությունը»,- նշեց նախարարը։
Նախագծով նաև ամրագրվել են հոգեկան խնդիրներ ունեցող անձի՝ բժիշկ հոգեբույժին կամ հոգեբուժական կազմակերպություն դիմելու փաստի, հետազոտման, ախտորոշման եւ բուժման ընթացքում տեղեկությունների որպես բժշկական գաղտնիքի պաշտպանության մեխանիզմները: Տարանջատվել են ոչ հոժարակամ եւ հարկադիր հսկողությամբ կամ բուժման տեսակները, սահմանվել են դրանց իրականացման կարգերը:
Արսեն Թորոսյանի խոսքով՝ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների իրացումը, տարբեր գործիքների միջոցով սահմանել մեխանիզմներ դրանց իրականացման համար, ապահովել դատահոգեբանական փորձաքննությունների իրականացման, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների պաշտպանության հետ կապված կարգավորումները։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեն առաջարկում է հրաժարվել խանգարման հիմքով մարդկանց մեկուսացումից, այդ թվում հոսպիտալացումից։ «Հասկանալով, որ Հայաստանն այս պահին այդ բարեփոխումներին ամբողջությամբ պատրաստ չէ, մենք պետք է կամք ցուցաբերենք նաև մասնագիտական հանրույթի հետ այդ քննարկումներն իրականացնելու, որպեսզի կարողանանք նաեւ ՀՀ պարտավորությունները լիարժեք իրականացնել»,-ընդգծեց նա։
Արսեն Թորոսյանն էլ նկատեց, որ ոչ հոժարակամ բուժումն այն դեպքում է, երբ անձի վարքագիծը վտանգ է ներկայացնում իր և շրջապատող անձանց համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հարց բարձրացրեց՝ ի՞նչ պետք է անել այն դեպքում, երբ անձը վնաս է հասցնում շրջապատին, ագրեսիվ է. «Մյուս մարդկանց դեպքում դատում ենք, տանում ՔԿՀ, իսկ եթե անձը ենթադրաբար անմեղսունակ է, այդ կարգավորումը չկա, մնում է՝ նրան թողնել անազատության մեջ ու ասել՝ ում ինչքան կարող ես վնաս հասցրո՞ւ»:
Վարչապետի խոսքով՝ հոգեկան խնդիրներ ունենալը Հայաստանում շատ հաճախ դառնում է դատավճիռ, խաչ է քաշվում մարդու վրա։ «Խորհրդային բռնաճնշումների շրջանում դա ամենալեգիտիմ ձեւն է եղել մարդուն հոգեբուժարանում մեկուսացնելու: Քանի որ այդ հիմնարկները փակ են, մենք, հանրությունն առանձնապես տեղեկություններ չունի, մենք չգիտենք՝ վերջին 30 տարում այնտեղ փոփոխություն եղել է, թե՝ ոչ»,- նշեց նա։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ նշեց, որ օրենսդրական փաթեթը բավականին խնդիրներ լուծում է, իսկ գործնականում խնդիրները շատ են։
«Անցած տարի ունեցել ենք 2 սպանություն, ծնողների սպանություն է իրականացվել որդու կողմից՝ հոգեկան հիվանդների կողմից։ Արդեն ունենք նրանց անմեղսունակ լինելու վերաբերյալ եզրակացություններ։ Մտահոգիչն այն է, որ երկուսն էլ հաշվառված հիվանդներ են եղել, երկուսն էլ կարճ ժամանակ առաջ են հոգեբուժական հիվանդանոցից ազատված եղել՝ «լավացում» ախտորոշմամբ։ Չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս կարող է հիվանդանոցից «լավացում» ախտորոշմամբ ազատվել ու օրերի ընթացքում մորը սպանել»,- նկատեց գլխավոր դատախազը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ արձագանքեց՝ Եվրոպայում չկա որեւէ երկիր, որտեղ ընդհանրապես վերացված է հարկադիր բուժման պրակտիկան, սակայն պետք է գործի դրվեն նաեւ այլ մեխանիզմներ՝ հարցը կարգավորելու համար:
Արսեն Թորոսյանն էլ ասաց, որ հոգեբուժարանները հեռու են 5-աստղանի հյուրանոց լինելուց, բայց պայմանները շարունակաբար բարելավվում են: