կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Երևանում կրակել են «Մալխաս ջազ» ակումբի և «Սմոքինգ» ռեստորանի սեփականատիրոջ վրա

Երևանում կրակել են «Մալխաս ջազ» ակումբի և «Սմոքինգ» ռեստորանի սեփականատիրոջ վրա

Երևանում կրակոցներ են հնչել, որի հետևանքով «Մալխաս ջազ» ակումբի և «Սմոքինգ» ռեստորանային համալիրի սեփականատեր, 50-ամյա Արսեն Սարգսյանը վիրավոր է։ Այս մասին գրում է shamshyan.com–ը։

Նշվում է, որ մարտի 7–ին, ժամը 02։10-ի սահմաններում, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր հատվածներում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։Ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Մոսկովյան փողոցի 31 շենքի բակում։

Պարզվել է, որ նշված շենքի բակում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենից մի քանի կրակոց է արձակել Ա. Սարգսյանի ուղղությամբ, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։

Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և 2 հատ կրակված պարկուճ։

Կայքի տեղեկություններով` վիրավորը քրեական աշխարհում հայտնի ու մեծ հեղինակություն ունեցած, «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի սանիկն է։

  • Կիսվել: