կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Երևանի քրեական ու քաղաքացիական դատարանների աշխատակիցները աշխատավարձ չեն ստացել

Երևանի քրեական ու քաղաքացիական դատարանների աշխատակիցները աշխատավարձ չեն ստացել

Երևանի ընդհանուր իրավասության  քրեական ու քաղաքացիական դատարանների ֆինանսավորման հետ կապված խնդիրներ են առաջացել։ Աշխատակիցներն այս ամիս չեն ստացել նախորդ ամսվա՝ հունիսի աշխատավարձերը։ Ֆինանսավորման բացակայության պատճառով պարտքի պատճառով անջատված էին նաև դատարանների հեռախոսները։

 Բարձրագույն Դատական խորհրդի մամուլի ծառայությունից փոխանցեցին, որ խնդիրը առաջացել է դատարանի՝ ըստ քաղաքացիական և քրեական մասնագիտացումների բաժանվելու պատճառով։

«Այս տարի, ինչպես տեղյակ եք, Երևան քաղաքի դատարանը բաժանվեց երկու մասի՝ քրեական ու քաղաքացիական, որից հետո բյուջեն բաշխելու խնդիր էր առաջացել, և քանի որ այս պահին բյուջեն դեռ բաշխված չէ, դրանով պայմանավորված աշխատավարձ չեն ստացել, բայց սպասում ենք համապատասխան որոշման ընդունմանը, որից հետո հնարավորինս սեղմ ժամկետում մեր աշխատակիցների արդարացի պահանջը կբավարարվի։

Կոնկրետ ժամկետ չեն կարող մատնանշել, բայց լիահույս ենք, որ մինչև հուլիսի վերջ խնդիրը լուծված կլինի»,- հայտնեցին  ԲԴԽ մամուլի ծառայությունից։

Ինչ վերաբերում է  դատարանների անջատված հեռախոսահամարներին, ԲԴԽ-ից հայտնեցին, որ զանգերի հնարավորությունը արդեն վերականգնվել է։

  • Կիսվել: