շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևանի Մյասնիկյան պողոտայում հսկայական բարդին կոտրվել ու տապալվել է՝ փակելով ճանապարհը

Երևանի Մյասնիկյան պողոտայում հսկայական բարդին կոտրվել ու տապալվել է՝ փակելով ճանապարհը

Այսօր՝ հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ուժեղ քամու հետևանքով Մյասնիկյան պողոտայում հսկայական բարդին կոտրվել և տապալվել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն 1 ավտոմեքենա վնասվել է:Ճանապարհը ամբողջությամբ փակվել է և երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է:Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի մոտոպարեկներ Հրայր Նազարյանն ու Մհեր Վարդանյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:Այս պահին մոտոպարեկները դեպքի վայրից հեռացնում են հետաքրքրասեր վարորդներին, որպեսզի խցանում տեղի չունենա:

Օպերատիվորեն ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:Այս պահին փրկարարները սպասում են, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները ժամանեն, որ հոսանքազրկում կատարեն, որպեսզի կարողանան ծառը մասնատել:

Պարեկային ծառայությունը պարզում է վնասված ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:

  • Կիսվել: