Դրսևորել գիտակից վարք. նախարարը դիմել է որսի սիրահարներին
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջոմ բեզոարյան այծի լուսանկար է հրապարակել և դիմել որսի սիրահարներին։
Նա, մասնավորապես, նշել է
«Լուսանկարում բեզոարյան այծի ձագերն են Խոսրովի անտառում.
Գրանցված է նախկին ԽՍՀՄ –ի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cd» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab(iii); C2a(i):
Ներկա պահին բեզոարյան այծի թվաքանակը Հայաստանում կազմում է 1000–1500 առանձնյակ:
Սիրելի հայրենակիցնե՛ր, Հայաստանի կենդանական աշխարհի շատ տեսակներ վտանգված են և գրանցված միջազգային ու հայկական կարմիր գրքերում:
ՀՀ որսորդական հասարակական կազմակերպություններին և պարզապես որսի սիրահար մեր քաղաքացիներին հորդորում եմ դրսևորել գիտակից վարք և ներդրում ունենալ տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործում։
Շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքը պետք է դառնա մեր առօրյա կյանքի ու գործունեության անքակտելի մասը։ Մենք պարտավորված ենք հաջորդ սերունդներին փոխանցել անխաթար բնաշխարհ»։



