Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի զարգացման առաջիկա 3 տարիների առաջնահերթությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 21-ին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված աշխատաժողովին, որը նվիրված էր գյուղատնտեսության ոլորտի զարգացման առաջիկա երեք տարիների ռազմավարական առաջնահերթությունների և գործողությունների պլանավորմանը։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են Հայաստան–ՄԱԿ 2026-2030 թվականների կայուն զարգացման համագործակցության շրջանակը, ինչպես նաև ՀՀ Կառավարության, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի 2026-2030 թվականների ռազմավարական փաստաթղթերի հիմնական ուղղությունները։ Կարևորվել է համագործակցության շարունակական զարգացումը՝ Հայաստանում նորարար, կայուն և կլիմայական փոփոխությունների նկատմամբ դիմակայուն գյուղատնտեսության խթանման նպատակով։
Ընդգծվել է մրցունակ և ներառական գյուղատնտեսական համակարգի ձևավորման կարևորությունը, որը կնպաստի երկրի պարենային անվտանգության ամրապնդմանը և գյուղական բնակավայրերի կայուն զարգացմանը։
Աշխատաժողովի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև հոկտեմբերի 18-30-ը Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) և դրա շրջանակում նախատեսվող՝ կենսաբազմազանության և գյուղատնտեսության թեմային նվիրված միջոցառմանը, որը կարևոր հարթակ կլինի Հայաստանի փորձն ու մոտեցումները միջազգային գործընկերներին ներկայացնելու համար։



