ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Դա ճիշտ չէ. Փաշինյանը՝ դպրոցներում միաժամանակ Հայոց պատմություն և Հայոց եկեղեցու պատմություն առարկաների դասավանդման մասին

Դա ճիշտ չէ. Փաշինյանը՝ դպրոցներում միաժամանակ Հայոց պատմություն և Հայոց եկեղեցու պատմություն առարկաների դասավանդման մասին

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զրույց քաղաքացու հետ՝ հայ ժողովրդի միասնական պատմության մասին վերտառությամբ իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձավ Հայոց եկեղեցու պատություն առարկան դպրոցական ծրագրից հանելու աղմկահարույց քննարկումներին:

Նա նշեց, որ Հայոց պատմություն և Հայոց եկեղեցու պատմություն առարկաները միմյանցից առանձին դասավանդելով՝ հոգեբանական պատկեր է ստեղծվում, որ հայ ժողովրդի և հայ եկեղեցու միջև անջրպետ կա:

Նա ասաց նաև, որ եթե մենք խնդիր ենք դրել՝ լինել տեխնոլոգիական երկիր, ապա պետք է ճշգրիտ ձևակերպենք, թե դասապրոցեսի ընթացքում ի՛նչ առարկաներով ենք ծանրաբեռնում մեր երեխաներին:

Վարչապետի ուղիղ եթերի՝ վերոնշյալ հարցերին վերաբերող հատվածը ներկայացնում ենք ստորև.

«Հիմա դպրոցներում դասավանդվում են Հայ ժողովրդի պատմություն և Հայ եկեղեցու պատմություն առարկաները։ Այս պատկերն ի՞նչ է նշանակում։ Նշանակում է, որ այս երկու առարկաներն իրարից տարանջատ ինչ-որ երևույթներ են, և արդյոք այդ երկու առարկաները տարանջա՞տ ենք դասավանդում, արդյոք դրանով որոշակի վիզուալ և հոգեբանական պատկեր չե՞նք ստեղծում, որ, այնուամենայնիվ, հայ ժողովրդի և հայ եկեղեցու միջև կա որոշակի անջրպետ, ևհայժողովրդիպատմությունըտարբերվումէհայեկեղեցուպատմությունից։

Եթե մենք այսպես խնդիր ենք դնում հայ ժողովրդի ընդհանրական պատմությունից, պետք է առանձնացնենք հայ ժողովրդի ստեղծած ինստիտուտների պատմությունը։ Հարց է ծագում, ինչո՞ւ մենք չունենք, օրինակ, հայոց պետականության պատմություն՝ զուգահեռ հայ ժողովրդի պատմության հետ, Հայաստանի զինված ուժերի պատմություն` զուգահեռ հայ ժողովրդի պատմության հետ։

Այս հարցն առավել կարևորվում է մեր այն քաղաքական շեշտադրման և նպատակադրման ներքո, որն, ի միջի այլոց, ստացել է Հայաստանի քաղաքացիների բացարձակ մեծամասնության վստահության քվեն, որ Հայաստանի Հանրապետությունը պատկերացնում ենք որպես բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր։ Իմ նշած թեմայի հետ այս կապը շատ ուղղակի է, որովհետև երբ մենք տեսնում ենք դպրոցական համակարգի և կրթական համակարգում սովորող երեխաների ուղղությունների վերաբերյալ, հարց է ծագում՝ ինչքանո՞վ են այդ երեխաները համապատասխանում այդ քաղաքական նպատակադրումներին։ Եթե մենք խնդիր ենք դրել՝ լինել տեխնոլոգիական երկիր, ապա պետք է ճշգրիտ ձևակերպենք՝ դասապրոցեսի ընթացքում ի՞նչ առարկաներով ենք ծանրաբեռնում մեր երեխաներին:

Հայ ժողովրդի պատմությունը բաղկացած է հայ եկեղեցու պատմությունից, հայոց պետականության պատմությունից, հայ մշակույթի, գիտության պատմությունից։ Սովետական Միության տարիներին հայ ժողովրդի պատմությունից հնարավորինս հանվել է հայ եկեղեցու պատմությունը։ Հայ ժողովրդի դասավանդվող պատմությունից շատ բաներ իներցիաներով մնացել են, երբ եկեղեցու պատմությունը հնարավորինս կտրված-հանված է եղել։

Հայ առաքելական եկեղեցու գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ քննարկման ժամանակ խնդիր գնաց, որ Սովետական Միությունից եկած իներցիայով հոգևոր գրականությունը կամ եկեղեցու կողմից ստեղծված շատ արժեքավոր գրականությունը չի ներառվել գրականության դասագրքերում։ Մենք պետք է առաջ գնանք, պետք է մեր միասնական պատմությունն ունենանք։ Սա չի նշանակում, որ դպրոցներում պետք է մի հատ հայ գրականություն դասավանդվի, մի հատ էլ Հայ առաքելական եկեղեցու պատմության կողմից ստեղված գրականություն, դա ճիշտ չէ:

Մեր ազգային-ազատագրական պայքարը շատ դեպքերում խմբագրված է ներկայացվել, մի հատ էլ ազգային-ազատագրական պայքարի դասավանդո՞ւմ իրականացնենք։ Եկեք իներցիաներից դուրս գանք, ստեղծենք մեկ, միասնական, կուռ, ճշմարիտ պատմություն, որը մեր ժողովրդի ժամանակակից պետականության և ապագայի ողնաշարը կդառնա»:

  • Կիսվել: