շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Չի լինելու այդպես, մենք՝ բոլորս պետք է հարկ վճարենք․ Նիկոլ Փաշինյանը՝ արտագնա աշխատանքի մեկնողներին

Չի լինելու այդպես, մենք՝ բոլորս պետք է հարկ վճարենք․ Նիկոլ Փաշինյանը՝ արտագնա աշխատանքի մեկնողներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար անհասկանալի է, որ Գեղարքունիքի մարզից արտագնա աշխատանքի մեկնողները բողոքի ակցիա էին անում՝ դժգոհելով, որ պետք է հարկվեն։

Փաշինյանը դիմեց մարտունեցիներին՝ նկատե՞լ են, որ իրենց քաղաքում զրոյից բժշկական նոր կենտրոն է կառուցվել։

«Էդ ո՞ւմ է սպասարկելու»,- ասաց նա։

Վարչապետը նշեց՝ Գեղարքունիքի բնակիչները պետք է նկատած լինեն իրենց համայնքներում կառուցվող դպրոցները։ Նա ասաց, թե 2018 թվականից մինչև այսօր Գեղարքունիքի մարզում 76 միլիարդ 980 միլիոն դրամի ներդրումներ են կատարվել։

Փաշինյանը հերթով թվարկեց, թե Մարտունու համայնքներում ինչ ծավալի աշխատանքներ են արել։

«Լրիվ կարդա՞մ, թե՞ չկարդամ, որ կարդամ՝ նիստը կավարտվի, որովհետև 148 ծրագիր է, որ ավարտված է»,- նշեց վարչապետը։

Ըստ նրա՝ Մարտունիում բոլոր ծառայություններից օգտվում են նաև արտագնա աշխատանքի մեկնողների ընտանիքի անդամները։

«Կներեք, ոչ մի տրամաբանություն չկա, որ մեկն ասում է՝ չեմ ուզում հարկ վճարել, չի լինելու այդպես, մենք՝ բոլորս պետք է հարկ վճարենք, այլ բան, որ հարկային համակարգը պետք է լինի արդարացի»,- նշեց նա։

  • Կիսվել: