երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Chat GPT. ի՞նչ գիտի արհեստական բանականությունը Արցախի մասին

Chat GPT. ի՞նչ գիտի արհեստական բանականությունը Արցախի մասին

Բոլոր հարցերին պատասխան, խնդիրներին լուծում տվողի համբավ ունեցող արհեստական բանականությունը առանց «աչքը թարթելու» շարադրում է. «Ադրբեջանի կազմում արցախահայերի անվտանգությունն ապահովելու համար շատ կարևոր է լուծել մարդու իրավունքների, խտրականությունից պաշտպանվելու և բռնության կամ հաշվեհարդարի կանխարգելման հետ կապված մտահոգությունները»:

Թե ինչպես, չի մանրամասնում։ Արհեստական բանականությունը պատմությունից միայն թվականներ գիտի, ընդ որում Chat GPT-ն՝ մինչև 2021-ի սեպտեմբերը։
 
«Ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի լուծում գտնելը պահանջում է բոլոր ներգրավված կողմերի շահերի և մտահոգությունների մանրակրկիտ դիտարկում: Կարևոր է նշել, որ իրավիճակը տեղում կարող է զարգանալ 2021 թվականի սեպտեմբերին իմ գիտելիքների վերջնաժամկետից ի վեր, ուստի վերջին զարգացումները պետք է հաշվի առնվեն ներկա իրավիճակը գնահատելիս»,- ասում է արհեստական բանականությունը։
 
Այնուամենայնիվ, «Ռադիոլուր»-ը որոշել է մեր ժամանակների թվային փորձագետին ուղղել այն հարցերը, որոնք սովորաբար ուղղում է իրական փորձագետններին՝ առանց որևէ կոնկրետ պատասխան ստանալու։ Փոքրիկ սփոյլ՝ պատկերն առանձնապես տարբեր չէ։
 
Chat GPT-ն՝ փորձագետ
 
«Ո՞րն է Արցախյան խնդրի արդար լուծումը»․ Chat GPT-ի հետ մեր զրույցն այս հարցով ենք սկսում։ Եթե այս հարցին պատասխանելիս արհեստական բանականությունը դեմք ու ձայն ունենար, հավանաբար դրանք լուրջ ու գործնական կլինեին։ Առանց երկմտելու՝ տրվում է 5 կետից բաղկացած պատասխան․ հարգել ինքնորոշման սկզբունքը, տարածքային ամբողջականությունը, ստեղծել ինքնավարության և անվտանգության երաշխիքներ, կազմակերպել տեղահանվածների և նրանց ունեցվածքի վերադարձ, կառուցել տնտեսական զարգացման ու տարածաշրջանային համագործակցություն։
 
Բայց արդյո՞ք Արցախի ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականությունը համադրելի են։ Պատասխանում է Chat GPT-ն․
 
«Ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքում ամրագրված հիմնարար սկզբունք է, որը ճանաչում է մարդկանց իրավունքը՝ ազատորեն որոշելու իրենց քաղաքական կարգավիճակը, ներառյալ անկախության տարբերակը։ Մյուս կողմից՝ տարածքային ամբողջականությունը նույնպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք է, որն ընդգծում է պետական սահմանների անձեռնմխելիությունը և պետությունների ինքնիշխանության հարգումը։ Այն ուղղված է կայունության պահպանմանը, անջատողական շարժումների կանխմանը, որոնք կարող են հանգեցնել բռնի մասնատման, և պահպանել միջազգային կարգը»:
 
Այսպիսո՞վ։ Արհեստական բանականությունը լավ գիտի դասագրքային ճշմարտությունները։ Բայց երբ դրանք խաչվում են, տեխնիկական մտածողությունը կարմիր ազդանշան է տալիս։
 
«Մարտահրավերն առաջանում է, երբ ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականությունը բախվում են, ինչպես Լեռնային Ղարաբաղի դեպքում: Ոմանք պնդում են, որ ինքնորոշման իրավունքը պետք է գերակայի, երբ հստակ և համախմբված բնակչությունը ձգտում է անկախության կամ ինքնավարության՝ ելնելով պատմական, մշակութային կամ քաղաքական պատճառներից: Մյուսները պնդում են, որ տարածքային ամբողջականության սկզբունքին պետք է ավելի մեծ կշիռ տալ՝ կանխելու գոյություն ունեցող պետությունների կազմաքանդումը, կայունությունը պահպանելու և նախադեպը կանխելու համար, որը կարող է խրախուսել անջատողական այլ շարժումները»։
 
Թվային փորձագետն առաջարկում է բարդ խնդրին մոտենալ զգույշ բանակցություններով ու փոխզիջումներով։
 
Chat GPT-ն իր գաղտնի աղբյուրները չի բացահայտում
 
«Քաղաքականության մեջ միշտ և ամեն ինչ չէ, որ տեղի է ունենում օբյեկտիվ, մաթեմատիկական ճշգրտությամբ ու պատճառահետևանքային կապերով։ Քաղաքականության մեջ կան սուբյեկտի, անհատի, պաշտոնյաների, հասարակությունների էմոցիոնալ արձագանքները, գործողությունները։ Երկրորդը՝ ցանկացած արհեստական բանականություն առաջին հերթին բացառապես հենվում է համացանցային գիտելիքի վրա, այն տվյալների վրա, որոնք կան համացանցում, մինչդեռ ամեն ինչ չէ, որ համացանցում կա»,- ասում է քաղաքագետ Արեգ Քոչինյանը։
 
Նրա կարծիքով՝ խնդիր լուծելու համար ստեղծված գործիքը այս խնդրի պատշաճ լուծումը չի գտնի այնքան ժամանակ, քանի դեռ չի կանխատեսում և չի աշխատում մարդկանց էմոցիաների հետ։ Սակայն, ասում է, կյանքում քիչ բան կա, որին կարելի է անլուրջ մոտենալ, և հիբրիդային պատերազմը հաստատ դրանցից մեկը չէ։
 
Ի՞նչ աղբյուրներից է օգտվում մեր ժամանակների փորձագետը՝ գիտելիքը համալրելիս։ YerevaNN լաբորատորիայի տնօրեն, արհեստական բանականության հետազոտող Հրանտ Խաչատրյանը պատմում է՝ որտեղից է ինտելեկտուալ սնունդ ստանում արհեստական բանականությունը։ Ասում է՝ Chat GPT-ն ստեղծող ընկերությունը՝ OpenAI-ը, առաջին փուլում հավաքագրել է մեծ քանակությամբ գիտելիք, սակայն մինչ օրս չի նշում, թե որտեղից։ Մասնագետները, սակայն, վստահեցնում են՝ օգտագործվել են համացանցային հասանելի բոլոր տվյալները․
 
«Մեկ այլ չափանիշ, որ կարող են օգտագործել հետազոտողները, կապված է որոշ կայքերին առավելություն տալու հետ։ Համացացնում առկա ոչ բոլոր տեքստերն են նույնքան կարևոր ու հավաստի, և արհեստական բանականության գործիքներ մշակող ինժեներները որոշակի գործակիցներ են տալիս, որոշում են ամեն կայքի կարևորությունը։ Նմանատիպ այլ ծրագրերը սովորաբար մի փոքր ավելի կարևորություն են տալիս Վիքիպեդիային և Ռեդիթ կայքի քննարկումներին»,- ասում է Հրանտ Խաչատրյանը։
 
Հրանտ Խաչատրյանի խոսքով՝ գաղտնապահությունը մի քանի պատճառ ունի։ Առաջինն այն է, որ վստահելի աղբյուրի հայտնի դառնալու դեպքում այն կարող է հակերային հարձակման զոհ դառնալ։ Մեկ այլ վարկածով OpenAI-ն օգտվել է այնպիսի աղբյուրներից, որոնց հասանելիության իրավունք չի ունեցել, և բացահայտումը կարող է իրավական լուրջ խնդիրներ առաջացնել։
 
Արհեստական բանականություններից հայամետը
 
Google-ի արհեստական բանականությունը՝ Bard-ը, առաջին հայացքից ավելի հայամետ է։ Եթե Chat GPT-ն բոլոր հարցերի դեպքում պահպանում է դիվանագիտական սառնասրտությունը, ապա այս արհեստական բանականությունը ավելի բնական է էմոցիաներ արտահայտելիս։ Լաչինի՝ փակված միջանցքի և առաջացած հումանիտար աղետի մասին այսպես է արտահայտվում․
 
«Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը և հումանիտար աղետի պատճառ դարձավ։ Լաչինի միջանցքը Արցախի Հանրապետությունը Հայաստանին կապող միակ ճանապարհն է։ Ադրբեջանի կողմից այն փակվել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ին՝ «բնապահպանական բողոքի ակցիաների» անվան տակ։ Սա կործանարար ազդեցություն է ունեցել արցախցիների վրա, որոնք չեն կարողացել օգտվել առաջին անհրաժեշտության ապրանքներից և ծառայություններից»:
 
Այս հարցի պատասխանը Bard-ում փնտրողները կիմանան նաև, որ «ՄԱԿ-ը կոչ է արել Ադրբեջանին վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը։ Սակայն Ադրբեջանը մինչ այժմ հրաժարվում է դա անել»։ Bard-ը միջազգային հանրությանը հորդորում է շարունակել ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերացնի շրջափակումը և թույլ տա Արցախի ժողովրդին օգտվել առաջին անհրաժեշտության ապրանքներից ու ծառայություններից։
 
Ինչպե՞ս ազդել արհեստական բանականության բանականության վրա։ Այս հարցը միանշանակ պատասխան չունի։ Հրանտ Խաչատրյանն ասում է՝ համացանցում տեղեկատվության տարածումը լավ միտք է, բայց մեծ արդյունավետություն չի ապահովի։
 
«Սրանք անուղղակի ազդող էֆեկտներ են․ եթե մենք այսօր սկսենք Ռեդիթում ակտիվացնել, գուցե տարիներ հետո ստեղծվող համակարգերը դրան մեծ առավելություն տան, բայց շատ հստակ օրինաչափություն չեմ կարող ասել։ Որովհետև գուցե 3 տարի հետո OpenAI-ի ինժեներները որոշեն, որ Ռեդիթը լավ աղբյուր չէ, ու նրան էլ չտան այն կշիռը, որը հիմա են տալիս»։
 
Երեկ՝ գրադարան, այսօր՝ Google, վաղը՝ Chat GPT
 
Եթե 20 տարի առաջ մարդկանց ինֆորմացիոն աղբյուրը թղթային էր՝ գրադարաններում, ապա երեկ տեղեկատվությունն արդեն 1-երով ու 0-ներով է, օրինակ, Google որոնողական համակարգում։ Իսկ այսօր տեղեկությունն անգամ Google-ում փնտրելու կարիք չկա․ արհեստական բանականությունը դա անում է մարդու փոխարեն՝ մարդուց արագ։ Բայց դրա գինն ընտրողական մոտեցումն է։ Դուք կիմանաք այն, ինչ արհեստական բանականությունը նպատակահարմար կհամարի ասել ձեզ․
 
«Աստիճանաբար տենդենցը տանելու է նրան, որ, մի կողմից, Google-ում են ավելի շատ կիրառվելու արհեստական բանականության գործիքները, ինչպես Bard-ը, մյուս կողմից՝ առաջանալու են նաև նոր տեսակի պրոդուկտներ, նոր միջոցներ ինֆորմացիա ստանալու, որոնց հիմքում ընկած են լինելու Chat GPT-ի նման համակարգեր, դրանց քանակը հաստատ շատանալու է, ու օգտագործողների քանակն է շատանալու։ Հատկապես երիտասարդների շրջանում»։
 
Պատկերացրեք՝ խաղալիք-ռոբոտ, որը պատասխանում է ձեր երեխաների հարցերին։ Վառ երևակայություն պետք չէ․ դրա նախատիպերն այսօր էլ կան։ Պատկերացրեք, որ այդ խաղալիքի ներսում գտնվող արհեստական բանականությունը ինքն է ընտրելու՝ երբ ու ինչ պատմել։
 
Օրինաչափ զարգացման դեպքում սա ամենահավանական իրականությունն է լինելու։ Եվ արհեստական բանականությունն է աշխարհին պատմելու՝ ինչ է կատարվում, օրինակ, Արցախում, գրում է armradio.am-ը ։

  • Կիսվել: