Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Այս երթն անձերի մասին չէ․ սա մարդկանց սրտերում արձանագրված այն բոլոր տեսակի տառապանքներից, նվաստացումներից ազատվելու, մեղքից վերականգնվելու եւ ինքնամաքրվելու, ինքնաճանաչողության եւ ինքնագնահատական ունենալու շարժում է։ Այս մասին այսօր իր խոսքում հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Նա շեշտեց, որ սա լայն հաշտության օրակարգ ունի, ոչ մի ատելություն ու թշնամանք չկա․ «Ոսկեպարում, Կիրանցում, Բաղանիսում հոգին հաղթել է դուխին, այս ճանապարհը պիտի լինի այն պատճառն ու միջոցը, որ եռագույնը հաղթի սեւին ու սպիտակին։ Հոգեւոր Հայաստանը կհաղթի թազա Հայաստանին։ Իրական Հայաստանը պետք է հաղթի կեղծ, ֆեյսբուքյան Հայաստանին։ Մեզ հալածողներին օրհնում ենք, սա իրենց համար էլ է»։
Բագրատ Սրբազանը շեշտեց, որ պատերազմի հրձիգը ինքը չէ․ «Իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել, եթե որեւէ բան պատահի, ապա իրենք պարտավոր են պաշտպանել երկրի անվտանգությունը։ Երկրի ներսում ինչ տեղի կունենա, ոչ արտաքին ուժերի խնդիրն է, ոչ էլ թշնամիների խնդիրն է, սա իրենց առաջնահերթ պարտականությունն է, եթե չեն կարող պաշտպանել, ապա եզրակացությունը թողնում են ձեզ»։
Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի, ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի եւ քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանի գլխավորությամբ արդեն 3-րդ օրն է` շարունակում են քայլերթը, այսօր էլ այն մեկնարկեց Սեւանի թերակղզու խաչմերուկից։