երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Բուհերի ընդունելության երկրորդ փուլի փաստաթղթերի ընդունելության ավարտը` հուլիսի 1-ին

Բուհերի ընդունելության երկրորդ փուլի փաստաթղթերի ընդունելության ավարտը` հուլիսի 1-ին

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021 թվականի ընդունելության միասնական, կենտրոնացված և ներբուհական քննությունների հայտագրման երկրորդ փուլի փաստաթղթերի ընդունելությունը սկսվել է հունիսի 26-ից և կավարտվի հուլիսի 1-ին:

Երկրորդ փուլով ընդունելությանը կարող են մասնակցել ՀՀ երկքաղաքացիները և օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիները, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրածները, ինչպես նաև տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները:

Հիշեցնենք՝ հայտագրումը կատարվում է մեկ բուհի մեկ մասնագիտություն սկզբունքով՝ dimord.am կայքում առցանց հայտ լրացնելու տարբերակով:

Այս փուլի ընդունելությանը կարող են մասնակցել նաև այն դիմորդները, ովքեր միասնական քննությունների 1-ին փուլում բացակայել են քննություններից կամ հիվանդության պատճառով ընդհատել են այն:

Նշված դիմորդները, եթե ցանկանում են 2-րդ փուլում հանձնել նույն առարկաների քննությունները, ապա պետք է մինչև հուլիսի 1-ը՝ ժամը 17։00-ն, դիմեն «Գնահատման և թեստավորման կենտրոն»` [email protected] էլ. փոստին գրելով դիմում։

Դիմումում պետք է նշել՝

1․դիմորդիանունը, հայրանունը, ազգանունը,

2.ԳԹԿ անձնական համարը,

3.այն քննական կենտրոնը, որտեղ 1-ին փուլում պետք է հանձներ քննությունները կամ ընդհատած քննության կենտրոնը,

4.չմասնակցած միասնական քննության առարկան և կցել քննության մասնակցության համար վճարման (յուրաքանչյուր միասնական քննության համար 1500 դրամ) անդորրագրի լուսանկարը։

Երկրորդ փուլով ընդունելության միասնական, կենտրոնացված քննությունների ավարտից հետո տեղի կունենա հիմնական փուլի մրցույթի ամփոփումը՝ բացառապես մեկ մասնագիտության (անվճար և վճարովի) համար:

Հիմնական փուլի մրցույթի արդյունքների հաստատվելուց հետո, բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը կարող են մասնակցել լրացուցիչ փուլի հայտագրմանը:

Լրացուցիչ փուլում դիմորդները հնարավորություն ունեն հայտագրել վճարովի և անվճար համակարգերով մինչև 6 մասնագիտություն` ըստ իրենց հանձնած միասնական քննությունների դրական միավորների:

  • Կիսվել: