Մեր պատգամավորը 20 տարով հիփոթեքով տուն է գնում, իսկ Օհանյանի տունը, ըստ մեղադրանքի, մի քանի մլրդ է. Ալեքսանյան
Մեր ընդդիմադիր գործընկերները փորձում են, ցավոք սրտի, արժեզրկել ու ոչնչացնել ցանկացած մի բան, ինչի հետ փորձում են առնչվել. առաջինը, այս պահի դրությամբ, ամենաշատը անում են հակակոռուպցիոն պայքարի հետ կապված։ Այդ մասին, այսօր՝ մայիսի 12-ին, Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Կոռուպցիայի դեմ պայքարի մասով մեր կուսակցության ամեն մի նախաձեռնող նիստը ձեր ամբողջ ֆրակցիայի հինգ տարվա արածից 40 անգամ ավելի շատ բան է անում։ Ձեր արածը ոչ թե կոռուպցիայի դեմ պայքար է, ձեր արածը կոռուպցիայի դեմ պայքարի աղավաղում է։ Այդ պրոցեսը ո՞նց է տեղի ունենում: Բոլորով հավաքվում եք, օրինակ, Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, տիկին Աննա Գրիգորյանը, հավաքվում եք, ասում եք եկեք գնանք ՍԴ–ում ապօրինի գույքի բռնագանձման օրենքի դեմ բողոք գրենք, ասենք՝ Սահմանադրական դատարան, չեղարկիր էս օրենքը։ Այդ օրենքի բոլոր դրույթները վիճարկում եք, որ ապօրինի հարստացածների, կոռուպցիոներների գույքը պետությունը չկարողանա բռնագանձել։
Հետո ՍԴ–ում էդ գործն, իհարկե, պարտվում եք դասական ընդիմադիր անկարողության շրջանակներում՝ չկարողանալով պաշտպանել ձեր քաղաքական ղեկավարների ու նաև մասամբ նաև ձեր ապօրինի գույքը։
Հիմա որոշել եք կոռուպցիայի դեմ պայքարից խոսել։ Սեյրան Օհանյանը, օրինակ, որպես խմբակցության ղեկավար իր առանձնատնից, որը համարվում է ապօրինի գույք, SMS է գրել ձեր խմբակցությանը, ասել է՝ հարգելի խմբակցություն, եկեք հավաքվենք այսօր, հավաքվել եք, ենթադրենք Կոնգրես հյուրանոցում, որը «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի պնդմամբ, Ռոբերտ Քոչարյանի ապօրինի գույքն է։
Ես դեմ չեմ, որ դուք, որպես ընդիմություն, խոսեք իրական կոռուպցիայի դեմ պայքարի մասին, բայց դուք դա աղավաղում եք։ Օրինակ, Տիկին Քրիստինե Վարդանյանն ասում է՝ մեկ անձից գնումով մանկապարտեզ են կառուցել։ հետո նայում ես, տեսնում ես՝ մեկ անձից չի, մրցույթ է եղել։ Ասում են՝ փող են կերել։ Հետո պարզվում է, որ չի ընդունել քաղաքապետարանը այդ մանկապարտեզի շինարարությունը։ Բա եթե փող են կերել, ո՞նց շինարարությունը չեն ընդունել։ Ախր ձեզանից լավ, ոչ մեկ այդ ցիկլը չգիտի, դուք կոռուպցիայի հարցում պրոֆեսորներ եք, դոցենտներ եք ու սև գոտի հինգերորդ դան եք»։
Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հայտարարությանը, թե այսօրվա իշխանությունները ամենահարուստն են. ««Լո՞ւրջ եք ասում։ Մեր խմբակցությունից մեկը 20 տարվա հիպոթեքով մի հատ տուն է առնում, 800 հազար հատ լրատվամիջոցով այնքան հոդված են վրան գրում, որ չգիտես ինչ է առնում։ Այդ մարդը ասում է՝ վայ հարամ ըլնի էդ տունը։ 20 տարի հիպոթեք պետք է փակի մարդը, բայց ձեր կողքին նստած պարոն Օհանյանի տունը, ըստ մեղադրանքի, գնահատվում է մի քանի միլիարդ։
Կամ ասում են՝ մեդիաները ավելի շատ ձերն են։ Պարոն Մինասյան, անկեղծ մեդիաները ավելի շատ մեր ձեռքո՞ւմ են։ Երկու հատ լրատվական հանես, դաշտի 100%-ը ձերն է ախր։ Չի կարելի այդքան արժեզրկել էլի սեփական խոսքը։