երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ԲՏԱ նախարարն ընդունել է Իսրայելի դեսպանին

ԲՏԱ նախարարն ընդունել է Իսրայելի դեսպանին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մայիսի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոել Լիոնին։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Իսրայելի պատվավոր հյուպատոս Աշոտ Շախմուրադյանը։

Կողմերը ողջունել են միմյանց, անդրադարձել Հայաստանի և Իսրայելի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններին։

Դեսպան Ջոել Լիոնը խոսել է Իսրայելի տեխնոլոգիական բնագավառի պետական համակարգի կառուցվածքի ու գործունեության մասին, հետաքրքրվել նախարարության առաջնահերթություններով և գերակա ուղղություններով։

Ռոբերտ Խաչատրյանը դեսպանին է ներկայացրել նախարարության գործունեության շրջանակները, իրականացվող ծրագրերը, ստարտափ էկոհամակարգի զարգացման, տեխնոլոգիական կրթության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Նախարարն անդրադարձել է նաև «Ինժեներական քաղաք» ծրագրին, դրանում իսրայելական ընկերությունների ներգրավման հնարավորություններին։

Հաշվի առնելով Հայաստանի տնտեսության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում ազգային առաջնահերթությունները՝ առանձնացվել են հնարավոր համագործակցության զարգացման այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝ ճշգրիտ և հիմնարար գիտությունները, այլընտրանքային էներգետիկան, երկրաբանությունը և երկրաֆիզիկան, կենսատեխնոլոգիաները։ Ներկայացվել է հայկական ընկերությունների ներուժը, հատկապես ծրագրային ապահովման, միկրոէլեկտրոնիկայի, արհեստական բանականության, մեքենայական ուսուցման ուղղություններում։

Դեսպան Ջոել Լիոնն պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում նպաստել նշված ուղղություններով երկու երկրների միջև համագործակցության ձևավորմանն ու ընդլայնմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ոլորտային միջոցառումներին և ցուցահանդեսներին երկուստեք մասնակցություն ունենալու, համապատասխան մասնագետների փորձի փոխանակման կարևորությունը։

  • Կիսվել: