երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բռնության անձ կդիտարկվի նաև երեխան, որն ընտանիքում բռնության ականատես է եղել. նախագիծ

Բռնության անձ կդիտարկվի նաև երեխան, որն ընտանիքում բռնության ականատես է եղել. նախագիծ

Օրենքի նախագծով առաջարկում ենք վերանայել օրենքի վերնագիրը, հստակեցնել առկա սահմանումները, դրանք նաև համապատասխանեցնել Քրեական օրենսգրքի սահմանումներին, օրենքում ներառել նոր սահմանումներ, ասել է Զարուհի Բաթոյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 1-ի նիստին՝ փոխանցում են ԱԺ-ից:

Հիմնական զեկուցողը, անդրադառնալով առաջին ընթերցմամբ քննարկվող ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ու կից օրենքներում և մի շարք օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթին, նշել է, որ նախագծով առաջարկվում է որպես բռնության անձ դիտարկել երեխային, որը նաև ականատես է եղել բռնությանը, վերանայել անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշման ժամկետներ:

Առաջարկվում է նաև ուժը կորցրած ճանաչել հաշտեցման ընթացակարգի վերաբերյալ սահմանումը, առաջնային բուժօգնության փոխարեն օրենքով սահմանել ընտանիքում բռնության ենթարկված անձանց համար անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում՝ ոչ միայն առաջնային օգնություն, այլ ընդհանրապես բժշկական օգնությունը:

Զարուհի Բաթոյանի խոսքով՝ նախագծով կսահմանվի նաև բռնության ենթարկված անձանց համար նախատեսված ապաստարանների մատչելիության պահանջ հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Հեղինակներն առաջարկում են վերանայել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների ծանրացնող հիմքերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պաշտպանական որոշմանն առնչվող քննության և ծանուցման ժամկետները և պայմանները, սահմանել ավելի բարձր տուգանք «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով սահմանված անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու դեպքում: Առաջարկվում է նոր կարգավորում նախատեսել ՀՀ քրեական օրենսգրքում` «Հետամտում» վերնագրով:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն պատգամավոր Արեգնազ Մանուկյանի կողմից ներկայացվել են դիտարկումներ օրենսդրական փաթեթի վերաբերյալ:

Հիմնական զեկուցողը, կարևորելով դիտարկումները, նշել է, որ պատրաստ է լսել առաջարկներ և հավելել, որ ներկայացված դիտարկումների մի մասը` որպես հեղինակների առաջարկ, ներկայացվել և ընդունվել է:

Օրենսդրական նախաձեռնության համահեղինակներ, պատգամավորներ Սոնա Ղազարյանն և Ծովինար Վարդանյանը, ընդգծելով բռնության դեմ պայքարի անհրաժեշտությունը, հավելել են, որ քննարկումը կարևոր նշանակություն ունի մեր հասարակության համար: Ծովինար Վարդանյանը նշել է, որ ընտանեկան բռնությունը պետք է նույնականացնել և ստեղծել գործիքակազմ, որով քաղաքացիները հնարավորություն ունենան իրենց պաշտպանելու:

«Մենք բովանդակային առումով ունենք բավականին հաջողված նախաձեռնություն: Շատ կարևոր է, որ մեր հանրությունն իմանա, թե որ պարագայում ինչպես պաշտպանի իր իրավունքները»,- ասել է Սոնա Ղազարյանը:

«Կառավարության առաջնահերթությունների մեջ է բռնության դեմ պայքարը, հատկապես՝ ընտանեկան բռնության դեմ պայքարը»,- ասել է ՀՀ կառավարության ներկայացուցիչ, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:  Ըստ նրա՝ պետք է ունենալ այնպիսի կանոնակարգումներ, որ հնարավոր լինի կանխարգելել բռնության վրա հասնումը պրակտիկայում:

Փոխնախարարի խոսքով՝ հեղինակների առաջարկը միտված է նրան, որ կիսատ չթողնվի ընտանեկան բռնության հնարավոր սուբյեկտային շրջանակը և ամբողջական դիտարկվի նոր օրենքի շրջանակում: Նա նշել է, որ Կառավարության կողմից կան առաջարկներ, որոնք կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում: Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ Կառավարությունն ունի դրական դիրքորոշում օրենքի նախագծի վերաբերյալ:

Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովը նաև կողմ է քվեարկել փետրվարի 15-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում «Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխումները՝ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համատեքստում» թեմայով խորհրդարանական լսումներ հրավիրելու մասին որոշմանը:

  • Կիսվել: