ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բենզալցակայաններում անհայտ ծագման կապույտ բենզին է վաճառվում (տեսանյութ)

Բենզալցակայաններում անհայտ ծագման կապույտ բենզին է վաճառվում (տեսանյութ)

Տեւական ժամանակ է, ինչ ArmLur.am-ը վարորդներից դժգոհություններ է ստանում կապված եւ հեղուկ գազի եւ բենզինի որակի հետ: Նրանց պատմելով, հեղուկ գազով եւ բենզինով լիցքավորելուց հետո իրենց ավտոմեքենաները սարքինության հետ կապված խնդիրներ են ունենում: Բացի այս, վարորդները մեզ հետ զրույցում նշեցին, որ հայաստանյան շուկայում կապույտ բենզին է հայտնվել, որը օգտագործելուց հետո վնասվում են մեքենայի մոմիկները:

ArmLur.am-ը ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանից հետաքրքրվեց, թե երբ են ստուգումներ իրականացվել բենզինի, սեղմված բնական գազի եւ հեղուկ գազի ոլորտում: Ի դեպ, վարորդների դժգոհությունների հետ կապված Արմեն Կոտոլյանը հորդորեց դրանք ներկայացնել տեսչական մարմին:

Մյուս խնդիրը, որ վարորդները բարձրաձայնում են՝ բենզինի գնի բարձրացումն է: Այս անգամ այն բարձրացել է 20 դրամով: Արդեն մի քանի օր է՝ հայաստանյան բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 390 դրամով, իսկ ահա, պրեմիում տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 410 դրամով: Բենզինի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսվարողների խոսքերով՝ թանկացման պատճառը դոլարի փոխարժեքի բարձրացումն է, որը ազդեցություն է ունեցել ներմուծվող ապրանքների գների վրա:

Իսկ դոլարի փոխարժեքի առքը այսօրվա դրությամբ (ըստ rate.am կայքէջի) կազմել է 520 դրամ, վաճառքը՝ 525 դրամ: Նշենք, որ եվրոյի փոխարժեքը եւս բարձր է, այսօրվա դրությամբ եվրոյի առքը կազմել է 627 դրամ, վաճառքը՝ 638 դրամ:

 

  • Կիսվել: