Բարսեղ Բեգլարյանի բիզնեսները կալանքի տակ պահելը եղել է հանցագործություն. վկա
«Ֆլեշ»-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի բիզնեսները կալանքի տակ պահելը եղել է հանցագործություն,-այս մասին այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Բարսեղ Բեգլարյանի գործով՝ Դավիթ Հարությունյանի նախագահությամբ ընթացող դատական նիստին ասաց գործով վկա Աշոտ Օսիպյանը։
Ի դեպ՝ այս դատական նիստին շարունակվում էր վկաների հարցաքննությունը։ Դատավորը հայտարարեց, որ դատական նիստը շարունակվելու է մինչեւ ժամը 16։30-ը, քանի որ այլ դատական նիստ կա, և այդ պատճառով ներկա չորս վկաներից միայն երկուսին հարցաքննեցին:
Գործով վկա Աշոտ Օսիպյանը, որը «Արարատբանկի» նախկին աշխատակից է, անձնական երաշխավորություն է ներկայացրել Բարսեղ Բեգլարյանին ազատության մեջ թողնելու համար. «Քանի որ ունեցել ենք զավեշտալի դեպք. մարդը բիզնես-հանդիպում է ունեցել «Արարատբանկի» մյուս բաժնետիրոջ հետ, և մարդու բիզնեսները վնասելը հանցագործություն է»։
Աշոտ Օսիպյանն ասաց նաև, որ գործով ամբաստանյալ Արման Մկրտումյանին վարկը տրամադրվել է օրենքի եւ կանոնակարգի համաձայն. «Ոչ մի խնդիր չենք ունեցել։ Վարկի տրամադրման գործընթացին ես չեմ բարեխոսել, չեմ միջնորդել։ Վարկը տրամադրելու որոշումը կայացրել է «Արարատբանկը»»։
Դատախազ հետաքրքրվեց, թե վարկը տրամադրելու ժամանակահատվածում ո՞վ է եղել նշված բանկի սեփականատերը, վկան ասաց, որ բանկն ունեցել է բաժնետեր, վարկի տրամադրման ընթացքում բանկի բաժնետերերից է եղել նաեւ Բարսեղ Բեգլարյանը.
«Ունեցել ենք 3 խոշոր բաժնետերեր։ «Արարատբանկն» աշխատել եւ աշխատում է կորպորատիվ կառավարման բարձր մակարդակով, որտեղ գործադիրի, բաժնետերի եւ խորհրդի իրավունքները տարանջատված են։ Արման Մկրտումյանն այդ ընթացքում ստացել է վարկ, օրենքով սահմանված կարգով»։
Նա նշեց նաեւ, որ մինչեւ Արման Մկրտումյանի վարկ ստանալը իրենք հանդիպել են, բայց քանի որ դա երեք տարի առաջ է եղել, ինքը մանրամասներ չի հշում այն մասին, թե ինչ են խոսել:
«Մենք օրական 100-200 մարդու ենք հանդիպել, խոսել, չեմ կարող հիշել, թե ինչ խոսակցություն է եղել։ Իսկ Բարսեղ Բեգլարյանի հետ խոսակցություն ունեցել եմ իր փոխտնօրենի մասին։ Ես ասացի, որ նա դիմել է մեր բանկ՝ վարկ ստանալու համար, նա ինձ ասաց՝ հիշո՞ւմ ես, ինքը պրոբլեմատիկ մարդ է»,-ասաց վկան:
Հիշեցնենք, որ «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու համար։ Հրայր Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին, իսկ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է։