ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
Կառավարությունը հաստատել է բարձրագույն կրթության մասնագիտությունների, դասիչների և որակավորումների նորացված ցանկը

Կառավարությունը հաստատել է բարձրագույն կրթության մասնագիտությունների, դասիչների և որակավորումների նորացված ցանկը

Կառավարության հունիսի 25-ի նիստում հավանության է արժանացել «Բարձրագույն կրթության մասնագիտությունների, դրանց դասիչների (ներառյալ կարգավորող մասնագիտությունների վերաբերյալ հատուկ նշումը), դրանց համապատասխան տրվող որակավորումների ցանկը և դրանց ուսուցման ձևերը հաստատելու մասին» որոշման նախագիծը։

Իրավական ակտում հստակ սահմանվում են մի շարք հասկացություններ, ինչպես օրինակ՝ «մասնագիտություն», «կրթական ծրագիր» և «որակավորում»։

Մասնագիտությունը սահմանվում է որպես պետության կողմից հաստատված բարձրագույն կրթության տիրույթ, որը բնութագրում է շրջանավարտի մասնագիտական գործունեության լայն շրջանակը, տալիս է նրա մասնագիտական զբաղվածության սահմանները և կարող է ներառել մեկ կամ մի քանի կրթական ծրագիր։

Կրթական ծրագիրը սահմանվում է որպես լիցենզավորման և հավատարմագրման հիմնական օբյեկտ, իսկ որակավորումը՝ տվյալ կրթական ծրագրի ավարտին շնորհվող արդյունք, որը համապատասխանում է տվյալ մասնագիտության շրջանակներում բարձրագույն կրթության համապատասխան մակարդակին (բակալավր, մագիստրոս կամ դոկտոր)։

Այս մոտեցումը մի կողմից կապահովի բուհերի ակադեմիական ինքնավարությունը և կրթական ծրագրերի բազմազանությունը, մյուս կողմից՝ կպահպանի համակարգի միասնական կառուցվածքն ու կայունությունը։

Միաժամանակ, միջազգային վիճակագրական ստանդարտների հետ համադրելիությունը ապահովելու նպատակով կրթական ծրագրերը կկոդավորվեն UNESCO-ի կողմից մշակված ISCED-F 2013 միջազգային դասակարգման տրամաբանությամբ։

Մասնագիտությունների նոր դասակարգիչը հնարավորություն կտա նաև վերացնել մասնագիտությունների կրկնությունն ու ավելորդ մանրամասնեցումները, իրականացնել առավել արդյունավետ ռազմավարական պլանավորում և պետական կարիքների գնահատում, ապահովել մասնագիտությունների և որակավորումների ինտեգրումը որակավորումների ազգային շրջանակի հետ, ինչպես նաև ստեղծել մասնագիտությունների և կրթական ծրագրերի թվային ռեեստրի հիմք։

Հարկ է ընդգծել նաև, որ ՀՀ բարձրագույն կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը (դասակարգիչը) ունենալու է դինամիկ բնույթ և պարբերաբար վերանայվելու է: Արդյունքում քաղաքացիները կրթության պլանավորման փուլում կկարողանան առավել հստակ պատկերացնել իրենց նախընտրած մասնագիտությամբ հետագա աշխատանքային հնարավորությունները, իսկ գործատուները՝ ավելի ճշգրիտ գնահատել պաշտոնին համապատասխան կարողություններով օժտված մասնագետների ընտրությունը։

  • Կիսվել: