չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Ազատանում «Մերսեդես» գողացած տղամարդիկ կալանավորվել են․ Ախուրյանի ոստիկանների բացահայտումը

Ազատանում «Մերսեդես» գողացած տղամարդիկ կալանավորվել են․ Ախուրյանի ոստիկանների բացահայտումը

Անցյալ տարվա հուլիսին ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում տված 53-ամյա կինը հայտնել էր, որ գողացել են եղբոր «Մերսեդես» մակնիշի «G» դասի թանկարժեք մեքենան։ Հատուկ միջոցներ օգտագործելով՝ բացել էին Շիրակի մարզի Ազատան գյուղի 28-րդ փողոցի առանձնատան դարպասները, մտել ավտոտնակ ու տարել մեքենան։ Տանտերերն արտերկրում են։

Քրեական ոստիկանության, Շիրակի մարզային վարչության և Ախուրյանի բաժնի ծառայողների ամիսներ տևած տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումները, նաև քննչական գործողությունները դեպքից ամիսներ անց արդյունք են տվել։

Իրավապահները պարզել են, որ գողությունը կատարել էին 29-ամյա, 34-ամյա և 44-ամյա երեք տղամարդ, որոնցից երկուսը՝ Գյումրու, մեկը՝ Նոր կյանք գյուղի բնակիչ։ Ախուրյանի ոստիկանները նրանց հայտնաբերել, ձերբակալել ու ներկայացրել են նախաքննական մարմին։ Ընդ որում, 34-ամյա տղամարդը այլ պետության քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով հետախուզվում էր, իսկ 44-ամյա տղամարդն արտերկրում դատապարտվել էր։

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ տղամարդիկ «Մերսեդեսը» թաքցրել էին Գյումրու թաղամասերից մեկում՝ հետագայում վաճառելու նպատակով։ Բացի այդ, 34-ամյա տղամարդը խոստացել էր վաճառելուց հետո յուրաքանչյուրին 25․000 դոլար տալ։

Իրավապահները, դատարանի որոշմամբ, խուզարկել են 29-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով փամփուշտ, մարիխուանայի և հաշիշի նմանվող զանգվածներ, կաթուցիչներ և այլն։

Երեքն էլ կալանավորվել են։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

  • Կիսվել: