ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
ՔԿ-ից 590,000 ԱՄՆ դոլար գողանալու դեպքից հետո պաշտոնանկություններ են եղել, սակայն՝ ոչ գլխավոր պաշտոններից

ՔԿ-ից 590,000 ԱՄՆ դոլար գողանալու դեպքից հետո պաշտոնանկություններ են եղել, սակայն՝ ոչ գլխավոր պաշտոններից

ՔԿ շենքից որպես իրեղեն ապացույց պահվող 590,000 ԱՄՆ դոլար գողանալու դեպքից հետո ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության  գլխավոր վարչությունում պաշտոնանկություններ են եղել, սակայն ոչ գլխավոր պաշտոններից։

Մասնավորապես, ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի՝ մայիսի 27-ի հրամաններով՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել են ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության  գլխավոր վարչության երկրորդ և չորրորդ վարչության պետերը՝ Վահան Ամիրխանյանը և Ռաֆայել Ղամբարյանը։ 

ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության  գլխավոր վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանի, նրա տեղակալ Հայկ Կատվալյանի պաշտոնանկության հարց առ այս պահը ՔԿ-ում չի բարձրացվել։ Ավելին, օրերս ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել էին, թե նշված անձինք իրենց գործառույթները պատշաճ իրականացրել են, թե  գլխավոր վարչության պետի օպերատիվ աշխատանքի շնորհիվ է դեպքը բացահայտվել։

ՔԿ նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնանկության մասին հարց ՔԿ-ում, կարծես թե, ևս չի քննարկվում։ 

Նշենք, որ իրեղեն ապացույցների պահպանման կարգի խախտման մասին բարձրաձայնում են փորձագետները։ Մասնավորապես, Քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի  6-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ իրեղեն ապացույց ճանաչված դրամը, արժեթղթերը կամ այլ արժեքները վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝փոխանցվում են վարույթն իրականացնող մարմնի դեպոզիտային հաշվին կամ պահպանման են հանձնվում բանկին կամ այլ վարկային կազմակերպությանը, եթե դրամանիշների անհատական հատկանիշներն ապացուցման համար նշանակություն չունեն։ Տվյալ պարագայում գումարը չի փոխանցվել ՔԿ-ի դեպոզիտային հաշվին։ Հետևաբար՝ հարց է առաջանում, թե ինչն է այստեղ ապատեղեկատվություն, քանզի, կարգի պահպանման դեպքում այդքան գումար շենքում ո՛չ կպահվեր, ո՛չ էլ առավել ևս կգողացվեր։ Եթե գումարի անհատական հատկանիշները նույնականացնելու համար անհրաժեշտ են եղել, ապա ինչու են անգործություն ցուցաբերել ամիսներ շարունակ, ի վերջո այդ գումարը ՔԿ-ում գտնվել է ամիսներ շարունակ ու անգամ դեկտեմբերին հափշտակության փորձ է արվել։ Թերեւս, ըստ ՔԿ-ի ղեկավարության, գողության փորձի քննությունը ձախողած քննիչը եւս պատշաճ է իրականացրել իր պարտականությունները։

Հիշեցնենք, որ ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության  գլխավոր վարչության շենքից հափշակվել է  որպես իրեղեն ապացույց պահվող 590 000 ԱՄՆ դոլարը: Չարագործը ՔԿ շենք է մուտք գործել քննիչի կեղծ անցագրով, մեզ հաջողվեց պարզել, որ դա տեղի է ունեցել աշխատանքային ժամին՝ մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ի մոտակայքում ու ամբողջ գիշեր մնացել այնտեղ։ Նույն անցագրով անձի ելքն արձանագրվել է մայիսի 21-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում։ Այսինքն՝ նա շուրջ 16 ժամ մնացել է շենքում, հանգիստ հափշտակել գումարը, իսկ առավոտյան, երբ քննիչները սկսել են գալ աշխատանքի, նա հեռացել է։ 

Քրեական վարույթի շրջանակներում այս պահին հայտնի է երկու անձի նախնական կալանքի տակ գտնվելու մասին, որոնցից մեկը 5-րդ վարչության պետն է։ 

  • Կիսվել: