կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Այս ընթացքում ամբողջությամբ փոխել ենք դասագրքերի ստեղծման և տպագրության մրցույթները. ԿԳՄՍ նախարար

Այս ընթացքում ամբողջությամբ փոխել ենք դասագրքերի ստեղծման և տպագրության մրցույթները. ԿԳՄՍ նախարար

Կառավարության նիստի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց հանրակրթության պետական չափորոշչի փոփոխությունների մասին գործադիրի նախագիծը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց նոր չափորոշիչներին համապատասխան դասագրքերի ներդրման մասին: 

«Դասագրքերը նոր չափորոշիչների ներդրման կարևոր բաղադրիչն էին: Մենք, պետք է նշեմ, որ այս ընթացքում նաև ամբողջությամբ փոխել ենք դասագրքերի ստեղծման և տպագրության մրցույթները: Արդյունքները, որ կան, և ազդակները գոհացուցիչ են, որովհետև մեր հիմնական նպատակն էր ստեղծել պայմաններ, որ ունենանք մրցակցային բաց դաշտ, որից էլ կկարողանանք ակնկալել որակյալ դասագրքեր: Պետք է հասկանանք, որ մեր երկրում ավելի քան 10-15 տարի նոր դասագրքերի մրցույթներ չեն արվել: Ամեն դեպքում, այդ բոլոր դժվարությունները հաղթահարված են»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Ունեցել ենք մի ճշգրտում, որ ի սկզբանե նախատեսված էր նաև, որ 10-րդ դասարանում պետք է չափորոշիչներ ներդրվեն, մենք բավարար քանակությամբ դասագրքերի հայտեր չենք ստացել 10-րդ դասարանի համար: Դա նշանակում է, որ 10-րդ դասարանում ներդրումը կհետաձգենք մյուս տարի: Մյուս բոլոր դասարաններում դասագրքերը ճնշող մեծամասնությամբ ունենք. դրանք արդեն հասանելի են էլեկտրոնային տարբերակով, ուսուցիչները ընտրել են: Տպագրության գործընթացներն ընթացքում են, մի մասն արդեն կլինեն դպրոցներում բառացիորեն այս օրերին, մյուսները կլինեն արդեն սեպտեմբերի ընթացքում: Այստեղ, իհարկե, որոշակի կազմակերպման խնդիր կունենանք դպրոցներում աշխատանքների, բայց նախորդ օրերին շատ ինտենսիվ աշխատել ենք բոլոր դպրոցների հետ և ընթացքում էլ կապի մեջ ենք լինելու, մինչև դասագրքերն ամբողջ ծավալով լինեն դպրոցներում: Հիշեցնեմ, որ խոսքն այս պահին երկրորդ, հինգերորդ, յոթերորդ դասարանների մասին է, մյուս դասարանների դասագրքերը դեռևս չեն փոխվում, դրանք բոլորը դպրոցներում են, և գործընթացը նորմալ կսկսվի»,- նշեց նախարարը:

  • Կիսվել: