կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արտակարգ դեպք Լոռու մարզում․ ավտոտնակում տեղադրված վառարանի պայթյունի հետևանքով 59-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց

Արտակարգ դեպք Լոռու մարզում․ ավտոտնակում տեղադրված վառարանի պայթյունի հետևանքով 59-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ փետրվարի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։45-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը և ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանը։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է հետազոտման փուլում։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 59-ամյա Մհեր Խ․-ն է, և նույն օրը ժամը 12։00-ի սահմաններում իրենց տան առաջին հարկում գտնվող ավտոտնակում տեղադրված փայտե վառարանը դեռևս անհայտ հանգամանքներում պայթել է, ինչից նա վնասվածքներ է ստացել։

Դեպքի փաստով ոստիկանության Գուգարքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ «անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: