ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հայ ժողովրդի արդար սպասումն է՝ համապատասխան գնահատական նոր ցեղասպանությանը

Հայ ժողովրդի արդար սպասումն է՝ համապատասխան գնահատական նոր ցեղասպանությանը

Ապրիլի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է բրազիլական տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ ուղեկցությամբ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն տիար Վազգեն Յակուբյանի և Բրազիլիայի ՀԲԸՄ մշակութային գծով տնօրեն տիար Նորայր Շահինյանի։

Հանդիպմանը տիար Յակուբյանը, նշել է, որ հյուրերի՝ Հայաստան այցի նպատակն է ի մոտո ծանոթանալու հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին և երկրում տիրող իրավիճակին, ինչպես նաև լուսաբանելու Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունները։

Խոսելով 20-րդ դարասկզբում Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացված ոճրագործության մասին՝ Նորին Սրբությունն ընդգծել է, որ հայ ժողովրդի արդար սպասումն է ինչպես միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը, այնպես էլ՝ համապատասխան գնահատական տալը հայ ժողովրդի կյանքում տեղ գտած մի նոր ցեղասպանության՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթմանը, իրագործված էթնիկ զտումներին և հայկական հոգևոր-մշակութային արժեքների ոչնչացմանը։

 

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը հույս է հայտնել, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն տարածաշրջանում և Հայաստանում առկա իրավիճակը, կբարձրաձայնեն արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները։

Վերջում Նորին Սրբությունը պատասխանեց հյուրերի հարցերին, որոնք առնչվում են Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Հայ Եկեղեցու գործունեությանը և միջեկեղեցական փոխհարաբերություններին։

  • Կիսվել: