Արման Թաթոյանն այցելել է ադրբեջանական հրետակոծությունից վիրավորված ֆրանսիացի լրագրողներին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Արցախում ադրբեջանական հրետակոծության արդյունքում վիրավորումներ ստացած ֆրանսիական «Le Monde» թերթի 2 լրագրողներին։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Քիչ առաջ այցելեցի Արցախում ադրբեջանական հրետակոծության արդյունքում վիրավորումներ ստացած ֆրանսիական «Le Monde» թերթի 2 լրագրողներին, որոնք Արցախից տեղափոխվել էին Հայաստան։
Շնորհակալություն հայտնեցի լրագրողներին իրենց կատարած կարևոր մասնագիտական աշխատանքի համար և շուտափույթ ապաքինում մաղթեցի Ֆրանսիա մեկնելուց առաջ։
Կոնֆլիկտային կամ պատերազմական/զինված հարձակումների ժամանակ մասնագիտական աշխատանք կատարող լրագրողները գտնվում են միջազգային պաշտպանության ներքո: Նրանց աշխատանքն իրավիճակի վերաբերյալ անգնահատելի է օբյեկտիվ, համապարփակ տեղեկություններ, ապացուցողական տվյալներ ունենալու, լարվածությունը նվազեցնելու և մարդու իրավունքները երաշխավորելու նպատակով»։





