հինգշաբթի, հունիս 20
20 / 6 / 2024
Առեղծվածային ու ողբերգական դեպք Երևանում․ նոր կառուցվող էլիտար թաղամասի 18 հարկանի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Առեղծվածային ու ողբերգական դեպք Երևանում․ նոր կառուցվող էլիտար թաղամասի 18 հարկանի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ մայիսի 13-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մոնթե Մելքոնյան փողոցում կառուցվող նոր էլիտար թաղամասի 46/1 շենքի բակում տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հարություն Դանիելյանի և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Րաֆֆի Բագրատունյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանությանն Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու պարեկները նոր կառուցվող թաղամասի դեռևս շահագործման չհանձնված 18 հարկանի շենքի բակում հայտնաբերել են տղամարդ դի։

Տարածքը սահմանազատել են պարեկներ Ռաֆայել Գրիգորյանն ու Հովիկ Քոչարյանը։

Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 59-ամյա Արթուր Մ․-ն է։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա կամ անզգուշաբար վայր է ընկել 11-րդ հարկից, կամ իրեն ցած է նետել։

  • Կիսվել: