երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ուսանողների հիշատակին նվիրված լսարան է բացվել ԵՊՀ-ում

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ուսանողների հիշատակին նվիրված լսարան է բացվել ԵՊՀ-ում

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել ֆակուլտետի՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ուսանողների հիշատակին նվիրված լսարանի բացման արարողություն:

Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողներ Գևորգ Արշակյանի, Արտակ Ստեփանյանի և Հենրիկ Սողոմոնյանի անունները կրող լսարանի բացման արարողությանը ներկա էին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, հերոսների ծնողները, հարազատներն ու ընկերները:

«Այսօր հավաքվել ենք՝ մեկ անգամ ևս հավերժացնելու մեր ֆակուլտետի հերոսների հիշատակը: Մեր ուսանողները քաջ գիտակցում են, որ նրանք սովորելու հնարավորություն են ստացել հենց այս տղաների շնորհիվ: Մենք պարզապես պարտավոր ենք վառ պահել նրանց հիշատակը և հենց այս լսարանում ենք այսուհետ դիմավորելու մեր առաջինկուրսեցիներին»,- ասաց Արթուր Մկրտիչյանն ու շնորհակալություն հայտնեց ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանին արագ արձագանքելու և լսարանի բացման գործընթացին աջակցելու համար: 

«Զոհված համալսարանականների հիշատակին նվիրված միջոցառումները պարբերական բնույթ են կրում, քանի որ Մայր բուհի որդեգրած մոտեցման համաձայն՝ յուրաքանչյուր ուսանող ու դասախոս իրենից արժեք է ներկայացնում: Մենք միշտ հիշելու ենք նրանց և մեր եկող սերունդներին էլ պետք է նույն ոգով դաստիարակենք, որպեսզի հերոսի օրինակելի կերպարը նրանց մտքում վառ մնա»,- ասաց ռեկտորի ժ.պ.-ն:

Հուշատախտակի բացման արարողությունից հետո միջոցառման մասնակիցներն արդեն լսարանում դիտեցին հերոսների մասին պատմող տեսաֆիլմ, զոհված ուսանողների մասին խոսեցին նրանց կուրսընկերներն ու զինակից ընկերները:

Այնուհետև «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի հանրային կապերի պատասխանատու Մարիամ Մովսիսյանը Գևորգ Արշակյանի անվան դրամաշնորհ հանձնեց երիտասարդ հետազոտողների մրցույթի հաղթող ճանաչված՝ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ասպիրանտ Անժելա Ղալամդարյանին:

Արթուր Մկրտիչյանն ընդգծեց նաև, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ջանքերով Գևորգ Արշակյանի անվան կրթաթոշակ սահմանելու պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը տրամադրվելու է «Մարդկային ռեսուրսների կառավարում» բաժնի ուսանողներին: 

Միջոցառման ավարտին Հովհաննես Հովհաննիսյանն Արցախյան 44-օրյա պատերազմում ցուցաբերած խիզախության և հայրենիքի պաշտպանության գործում մասնակցություն ունենալու համար շնորհակալագրեր և հուշանվերներ հանձնեց ֆակուլտետի ուսանողներին:

Հավելենք, որ այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԳևորգԱրշակյանի ծննդյան օրն է. նա կդառնար 25 տարեկան: Գևորգ Արշակյանը գերազանց սովորել ու ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության, ապա Իրավագիտության ֆակուլտետները, այնուհետև՝ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: 2020 թ. օգոստոսին ավարտել է ժամկետային զինվորական ծառայությունը, որից հետո ընդունվել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Մարդկային ռեսուրսների կառավարում» բաժնի մագիստրատուրա, սակայն պատերազմի լուրը լսելուն պես մեկնել է Արցախ։ 2020 թ. նոյեմբերին Շուշիի մատույցներում վիրավորվել է և անմահացել: Հերոսի ծննդյան օրվա կապակցությամբ Գևորգի մայրը հյուրասիրություն էր կազմակերպել միջոցառման մասնակիցների համար: 

  • Կիսվել: