շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Արցախը ենթարկվում է համակարգված էթնիկ զտման կամ այլ խոսքով՝ Ցեղասպանության. բողոքի ակցիա՝ Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց

Արցախը ենթարկվում է համակարգված էթնիկ զտման կամ այլ խոսքով՝ Ցեղասպանության. բողոքի ակցիա՝ Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց

Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց Ադրբեջանից հայ փախստականները և Արցախից բռնի տեղահանվածներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում՝ դիմելով միջազգային հանրությանը գործի դնելու հնարավոր բոլոր մեխանիզմները Արցախի հայ ազգաբնակչության նկատմամբ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությունը և գործողությունները կանգնեցնելու պահանջով:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ 20-րդ դարի 80-90-ական թթ Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում և ադրբեջանական այլ քաղաքներում կազմակերպված հայերի ջարդերն ու զանգվածային սպանություններն Ադրբեջանի իշխանությունների ցեղասպանության քաղաքականությունն էին նորագույն պատմության մեջ, որոնց հետևանքով մոտ 500 հազար հայեր ստիպված լքեցին իրենց բնակավայրերն ու փախստական դարձան:

Նախապատրաստված տեքստում նաև նշվում է, որ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության գագաթնակետը 2020 թ-ի 44 -օրյա պատերազմն էր, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ հազարավոր զոհեր ու վիրավորներ, տասնյակ հազարավոր մարդիկ զրկվեցին իրենց բնօրրանից ու փախստական դարձան:

«Ադրբեջանի հանցագործ իշխանությունները Թուրքիայի աջակցությամբ վերջին պատերազմում կիրառեցին միջազգայնորեն արգելված զինատեսակներ, այդ թվում սպիտակ ֆոսֆոր, կասետային ռումբեր, անօդաչու թռչող սարքեր, բայրաքթարներ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը, Ադրբեջանի կողմից իրագործված պատերազմական հանցագործությունները, այդ թվում՝ խաղաղ բնակչների ու գերիների գլխատումն ու անդամահատումը, միջնադարյան ժամանակներին բնորոշ ծաղրը  մեծ հաշվով մնացել են անպատիժ:

Միջազգային ատյանները հստակ գնահատակններով, հասցեական դատապարտող հայտարարութունններով հանդես չեն եկել: Միջազգային հանրությունն համառորեն աչք է փակել նաև այն փաստի վրա, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից Ադրբեջանի բանակում ներգրավվել են նաև սիրիացի վարձկանների»:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարությունից հետո Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հայտարության կետերը:   

Ակցիայի մասնակիցները հայտարարության տեքստում նաև նկարագրում են Արցախի նկատմամբ ադրբեջանական ուժերի վերջին շաբաթների ընթացքում իրականացվող գործողությունները, որոնք հումանիտար ճգնաժամ են առաջացրել:

«Արցախը ենթարկվում է համակարգված էթնիկ զտման կամ այլ խոսքով Ցեղասպանության: Թուրքիայի անմիջական աջակցությամբ այսօր Ադրբեջանն ակնհայտորեն փորձում է նոր ցեղասպանություն իրագործել, իսկ միջազգային հանրությունն ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հեղինակավոր կազմակերպությունները աչք են փակում այս ամենի վրա կամա-ակամա դառնալով Ադրբեջանի հանցակիցը»:

Ակցիայի մասնակիցները պահանջում են հստակ գնահատական տալ Ալիևի և էրդողանի հանցագործ քաղաքական ռեժիմին, գործի դնել միջազգային հումանիտար սկզբունքներն ու մեխանիզմները՝ Արցախում էթնիկ զտումները կանգնեցնելու համար:

Ներկաները հայտարարության տեքստը փոխանցելու են  Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչին, ՌԴ, Ֆրանսիայի, ԱՄՆ դեսպանատներին, ԵՄ պատվիրակության ղեկավարին:   

  • Կիսվել: