երկուշաբթի, հունիս 2
2 / 6 / 2025
Երիտասարդները, որոնք կանոնավոր վեյփ են օգտագործում, նույն վնասն են հասցնում թոքերին, ինչ ավանդական ծխախոտ ծխողները․ ՀՀ ԱՆ

Երիտասարդները, որոնք կանոնավոր վեյփ են օգտագործում, նույն վնասն են հասցնում թոքերին, ինչ ավանդական ծխախոտ ծխողները․ ՀՀ ԱՆ

Այսօր աշխարհում նշվում է Առանց ծխախոտի համաշխարhային օրը: Տարվա կարգախոսն է` «Բացահայտենք քողարկված գրավչությունը»: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
 
Վեյփինգի թաքնված վտանգները` հատկապես դեռահասների համար
 
Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը (վեյփինգը) մեծ տարածում է գտել դեռահասների շրջանում, հատկապես քաղցր, մրգային համերի շնորհիվ, որոնք առաջին հայացքից անվնաս են թվում։ Այդ համերի հետևում, սակայն, լուրջ առողջական վտանգ է թաքնված։ Էլեկտրոնային հեղուկներում օգտագործվում են հազարավոր ծանր թունավոր քիմիական նյութեր, և տաքացման դեպքում դրանք կարող են վերածվել թունավոր միացությունների, որոնք ուղիղ հասնում են թոքերին։
 
Այդպիսի նյութերից են, օրինակ` բենզալդեհիդը, ցինամալդեհիդը կամ դիացետիլը, որի ազդեցությամբ է պայմանավորված թոքերի մանր բջիջների ախտահարումը` բրոնխիոլիտը (հայտնի որպես «փոփքորն թոք»): Այս քիմիական նյութերը ներշնչելու հետևանքով, շրջանցելով մարմնի բնական զտիչները, վայրկյանների ընթացքում հասնում են թոքեր և արյան հոսքին՝ առաջացնելով արագ և ուղղակի վնաս։
2019 թվականին ԱՄՆ-ում արձանագրվել են վեյփինգի պատճառով թոքերի ախտահարման բարձր ցուցանիշներ, որը հայտնի է EVALI անունով։ Հազարավոր մարդիկ` հիմնականում երիտասարդներ, հոսպիտալացվել են, նույնիսկ մահացու ելքեր գրանցվել։ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը` որպես հիմնական պատճառ, նշել է վիտամին E ացետատը, որը հաճախ հանդիպում է էլեկտրոնային ծխախոտներում։ Վիտամին E-ն անվտանգ է որպես վիտամինային հաբ օգտագործելու համար, սակայն յուղային կաթիլների ներշնչումը կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել։
 
Հետազոտությունները ցույց են տալիս, որ երիտասարդները, որոնք կանոնավոր վեյփ են օգտագործում, նույն վնասն են հասցնում թոքերին, ինչ ավանդական ծխախոտ ծխողները և կասկածի տակ դնում էլեկտրոնային ծխախոտի ավելի անվտանգ լինելու գաղափարը:
Վեյփինգը կարող է անվնաս թվալ, բայց այն անվնաս չէ: Քիմիական խառնուրդների ներշնչումը կարող է հանգեցնել թոքերի քրոնիկ հիվանդությունների` կրճատելով կյանքի տևողությունը։
 
Այս արտադրանքը գուցե նորաձև է թվում, սակայն կարող է լուրջ առողջական խնդրի վերածվել ընդամենը մի քանի շաբաթվա կամ ամսվա ընթացքում։
 
Առողջապահության նախարարությունը հիշեցնում է.
Չկա ծխախոտային կամ նիկոտին պարունակող որևէ անվտանգ արտադրանք կամ դրանց օգտագործման անվնաս չափաբաժին:

  • Կիսվել: