«Հայաքվեն» Փաշինյանի հայտարարություններով դատախազությանը հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին
«Հայաքվեն» Փաշինյանի հայտարարություններով հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազին։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից դատախազությանն է դիմել ազգային քաղաքացիական միավորման համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
«Երեկ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը մի շարք հայտարարություններ է տվել՝ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու հասցեին, այդ հայտարարությունները վիրավորական բնույթ ունեին եւ անմիջականորեն միջամտում էին եկեղեցու գործերին։ Մեր Սահմանադրության 6–րդ հոդվածը նախատեսում է, որ պետական կամ ՏԻՄ պաշտոնյաները իրավունք չունեն կատարելու այնպիսի գործողություններ, որոնք չեն բխում իրենց լիազորություններից։ Եթե անում են այդպիսի գործողություններ, ուրեմն դա համարժեք է սահմանադրական կարգի տապալման եւ խիստ պատիժ է սահմանում, եթե անձինք խախտել են Սահմանադրության 1–ին, 2–րդ, 3–րդ, 4–րդ, 5–րդ, 6–րդ եւ 7–րդ կետերը։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ուշադրությունն ենք հրավիրում այն գործողությունների վրա, որոնք մեր գնահատմամբ, համարժեք են եկեղեցու ներքին գործերի մեջ պետության միջամտության։ Մեր հայտարարությունն ընդունեք որպես հաղորդում հանցագործության մասին եւ քրեական գործ հարուցեք՝ քննելով Փաշինյանի գրառումները»,– ասել է Չալաբյանը։