երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արցախի վերածնունդը՝ բուլղարահայության տեսլական. Տ. Տաթև եպս. Հակոբյանն այցելել է Բուլղարիա

Արցախի վերածնունդը՝ բուլղարահայության տեսլական. Տ. Տաթև եպս. Հակոբյանն այցելել է Բուլղարիա

Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանը մարտի 28-ից ապրիլի 5-ը հովվական այցով գտնվել է Բուլղարիայի Հանրապետությունում: Սրբազանին ուղեկցել է Բուխարեստի հայոց ծուխի հոգևոր հովիվ արժ. Տ. Օշական քահանա Խաչատրյանը:

Ինչպես տեղեկացրին Ռումանիոյ հայոց թեմի մամուլի դիվանից, մարտի 28-ին, եպիսկոպոսական տոնական պատարագ է մատուցվել Վառնայի Ս. Սարգիս եկեղեցում Ծաղկազարդի օրվա առիթով, կատարվել է ճյուղերի և մանուկների օրհնություն, այնուհետև Սրբազանը հանդիպել է եկեղեցական վարչության անդամներին և վարչության ատենապետ Մասիս Բագդատյանին: Վերջիններս ներկայացրել են ծխական գրասենյակներում կատարված նորոգության աշխատանքները, որի շնորհիվ առավել բարեկարգ և նպաստավոր պայմաններ են ստեղծվել համայնքում հոգևոր և մշակութային ակտիվ կյանք ունենալու համար:

Ըստ աղբյուրի՝ մարտի 29-ին Սրբազանը մեկնել է մայրաքաղաք Սոֆիա, ուր ՀՀ դեսպանությունում հանդիպում է ունեցել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանի հետ: Քննարկվել են Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման հնարավորությունները, անդրադարձ է կատարվել պատերազմից հետո Հայրենիքում ստեղծված սոցիալական և հումանիտար խնդիրներին, խոսվել եկեղեցի-դեսպանություն, եկեղեցի-պետություն համագործակցության մասին, կարևորվել ակտիվ փոխգործակցությունը երկու կառույցների միջև:

Ռումանիոյ հայոց թեմի մամուլի դիվանի տեղեկացմամբ՝ նույն օրը Սրբազանը հանդիպել է Սոֆիայի եկեղեցական վարչության անդամների, վարչության ատենապետ Օնիկ Փիլիպոսյանի և հոգևոր հովիվ արժ. Տ. Գուսան քահանա Հադավյանի հետ։ Քննարկվել են նոր եկեղեցու շինարարության ընթացքին և օծմանը վերաբերող հարցեր, այնուհետև Սրբազանն անձամբ այցելել է շինհրապարակ` կատարված աշխատանքներին տեղում ծանոթանալու և անհրաժեշտ ցուցումներ տալու համար: «Աստծո կամոք և Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ որոշվեց սեպտեմբեր ամսին կատարել նորակառույց եկեղեցու օծումը»,- հայտնում է Ռումանիոյ հայոց թեմի մամուլի դիվանը:

Հաջորդ օրը, մարտի 30-ին, Սրբազանն այցելել է Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Սոֆյայի գրասենյակ, ուր հանդիպել միության պատվո նախագահ Սոնյա Պետրոսյանի և միության անդամ Կարինա Գևորգյանի հետ: Սոնյա Պետրոսյանը ներկայացրել է Բարեգործականի կողմից վերջին ընթացքում իրականացված ծրագրերը, ապագայում նախատեսված միջոցառումների ժամանակացույցը, խոսվել է Հայաստանում ստեղծված իրավիճակի և Արցախյան պատերազմի հետևանքով առաջացած ճգնաժամի հաղթահարման, հայոց վերածննդի և վերստին բարգավաճելու հնարավորությունների մասին:

Ըստ աղբյուրի՝ մարտի 30-ին Տաթև Սրբազանը հանդիպել է Պլովդիվի հոգևոր հովիվ արժ. Տ. Հրաչ քահանա Մուրադյանի, տեղի եկեղեցական վարչության անդամների և վարչության ատենապետ Պերճ Ջանիկյանի հետ: Քննարկվել են եկեղեցու և համայնքից ներս ընթացող ծրագրերին և հետագա անելիքներին վերաբերող հարցեր:

Ապրիլի 1-ին Սրբազանն այցելել է Դոբրիչ քաղաք, ուր Վերջին Ընթրեաց պատարագ է մատուցել տեղի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում, հավարտ որի հանդիպել է եկեղեցական վարչության ատենապետ Պողոս Մանուկյանի և վարչության անդամների հետ: Վերջիններս ներկայացրել են եկեղեցում կատարված վերանորոգչական աշխատանքները, Սրբազան Հոր ցուցումով որոշվեցլ է ստեղծել նաև թանգարան:

Նույն օրը կեսօրին Սրբազան Հայրը Ոտնլվայի կարգ է կատարեց արդեն Վառնայի Ս. Սարգիս եկեղեցում, իսկ երեկոյան՝ Խավարման կարգ:

Ապրիլի 2-ին, ուրբաթ օրը, Վառնայի Ս. Սարգիս եկեղեցում կատարվել են Խաչելության և Թաղման կարգերը:

Ռումանիոյ հայոց թեմի մամուլի դիվանը հայտնում է, որ ապրիլի 3-ին Սրբազանը մեկնել է Բուրգաս քաղաք, ուր մատուցել է Ճրագալույցի Ս. Պատարագ, հավարտ որի տրվել է Քրիստոսի հրաշափառ հարության ավետիսը: Բուրգասի եկեղեցական վարչության անդամները և վարչության ատենապետ Սարգիս Կարաջյանը ներկայացրել են եկեղեցում կատարված և մասնավորապես տանիքի վերանորոգության աշխատանքներն ու հետագա անելիքները:

Ապրիլի 4-ին Տաթև Սրբազանը Զատկական պատարագ է մատուցել արդեն Վառնայի հայոց եկեղեցում: Տիրոջ Հարության տոնի առիթով հրապարակվել է նաև Տաթև Սրբազանի պատգամը և քարոզը՝ ուղղված բուլղարահայությանը, ուր մասնավորապես նշվում է. «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Քրիստոսի հրաշափառ Հարության փրկարար տոնի առիթով Մեր օրհնությունն ենք հղում ձեզ և ասում. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»՝ ավետելով, որ Քրիստոսի հարությամբ տեղի ունեցավ բաղձալի հաշտեցումը Արարչի և արարածի միջև:

Քրիստոս հարություն առավ և ցրվեցին Իր ամեն թշնամիները, հարությամբ խորտակվեց մահը, քավվեց մարդկային մեղքը: Հարության խորհրդով և իրողությամբ հաշտեցվեց աշխարհը Աստծո հետ և հնարավորություն տրվեց մարդուն վերագտնելու դեպի կորուսյալ դրախտ տանող ճանապարհը: Այլևս թոթափված են խաչելության վիշտն ու տխրությունը: Բացված է դրախտը և խորտակված է դժոխքը, պարտված է մահը և հաղթանակած՝ կյանքը:

Թեև հարության տոնն այս տարի նշում ենք հայ ազգի և Մայր Հայրենիքի համար ծանրագույն ժամանակաշրջանում, երբ խարխլված են հայոց պետականության հիմքերը, կորսված է Մեր պատմական Հայրենիքի մի մասը, հազարավոր ընտանիքներ դարձել են որդեկորույս ու սգակիր, այնուամենայնիվ հարության խորհրդով Մեր առջև նշմարվում է լույսի ճանապարհը և հաղթանակի հույսը:

Մեկ անգամ չէ, որ հայ ժողովուրդն անցել է խաչելության ու Գողգոթայի ճանապարհը, բայց ամեն անգամ հարություն ենք առել, վերածնվել ու վեր հառնել մոխիրներից: Հայ ժողովուրդը ցեղասպան է եղել, բայց վերապրել է, որի վկաները Մեր տարագիր նախնիների աշխարհասփյուռ սերունդներն են: Մեր ժողովուրդը պատմության ընթացքում շատ հաճախ նմանվել է Քրիստոսին: Հաճախ չարչարանաց Գողգոթա է բարձրացել, խաչակից եղել Տիրոջը, բայց միևնույն ժամանակ հաղորդակից եղել նաև փառքին և հարության հավատքով հարություն առել:

Այսօր, երբ Մենք նշում ենք Տիրոջ հարության տոնը, Մենք նշում ենք Աստծո հաղթանակը ո´չ միայն մահվան, այլև չարի նկատմամբ: Եվ այդ հաղթանակը միայն Աստծունը չէ, այլ Կատարյալ Աստծունը և Կատարյալ Մարդունը, Ով Հիսուս Քրիստոս է և Ով Իր մարդկային բնությամբ հաղթեց չարին: Մեզանից յուրաքանչյուրը, Քրիստոսի մարմնի անդամը լինելով, օրվա ավետիսով զորացած, պիտի կարողանա հաղթել չարին:

Խաչելով Քրիստոսին` մարդիկ ոչ թե հաղթեցին, այլ, ընդհակառակը, պարտվեցին, քանի որ Քրիստոսի խաչելությամբ չվերացավ ճշմարտությունը կամ հավիտենական կյանքը: Մենք ամեն օր մեռնում ենք Քրիստոսի հետ և հարություն առնում Քրիստոսի հետ: Մենք այսօր նշում ենք Քրիստոսի հրաշափառ հարությունը, բայց այսօրվան հասանք Քրիստոսի խաչելության ու մահվան միջոցով:

Այսօր, առավել քան երբևէ, երբ կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առաջ, կարիք ունենք ազգովի նորոգվելու, վերափոխվելու, հարուցյալ Փրկչին Մեր կյանքից ներս ընդունելու: Աշխարհը ևս կարիք ունի կյանքի նորոգության, քանզի խախտված է ներդաշնակությունը Արարչի և արարածի, մարդու և բնության միջև: Մարդկային կյանքն արժեզրկված է, մոլորակի տարբեր անկյուններում պատերազմներ և աղետներ են, չկա կայուն խաղաղություն, արդարամտություն: Ասվածիս ապացույցը ամիսներ առաջ Արցախի խաղաղ բնակչության դեմ սանձազերծված պատերազմն էր, ուր հայ ժողովուրդը դարձյալ մաքառում էր խաղաղ ապրելու և ստեղծագործելու իր իրավունքի համար:

Ցանկացած պատերազմ ապացույցն է այն բանի, որ մարդկությունը դեռևս քայլում է խավարի ճանապարհով և այս ընթացքի մեջ հրաշափառ հարության ավետիսը Մեզ լցնում է լավատեսությամբ, նոր կյանք սկսելու հնարավորությամբ ու հույսով: Քրիստոսի պարգևած փրկության շնորհներն ընդունելով, հոգով վերածնվելով՝ Մենք պետք է գտնենք կամքն ու զորությունը կյանքը վերափոխելու, նոր էջ բանալու, լույսի ճանապարհով ընթանալու, արդի աշխարհի խնդիրներն ու հրամայականները հաղթահարելու համար:

Քրիստոսի Սուրբ Հարության լուսապայծառ տոնի այս օրը Մենք աղոթում ենք նաև Արցախյան պատերազմում զոհված Մեր նահատակների համար: Պետք է շարունակենք պայքարել արդարության և խաղաղության հաղթանակի հավատով, կորուսյալ Հայրենիքի վերադարձի հավատով, Մեր սրբությունները՝ եկեղեցիներն ու վանքերը վերադարձնելու հավատով, խավարը լույսով, մահը կյանքով, խաչելությունը հարությամբ փոխարինելու հավատով ու կամքով:

Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, այսօր, երբ միմյանց ողջունենք «,Քրիստոս յարեաւ» ավետիսով, քաջալերվենք, արթնանանք անտարբերության և անգործության թմբիրից, զորանանք և հետայսու ապրենք որպես Քրիստոսի հետ մահից վեր հառնած և հարուցյալ ժողովուրդ, Քրիստոսին իրապես ընդունող և ճանաչող ժողովուրդ:

Աղոթում ենք, որ հարուցյալ Փրկչի խաղաղությունն ու ողորմությունը և փրկարար շնորհները սփռվեն աշխարհի ու մարդկանց հոգիների վրա և պարգևեն զորություն` կառուցելու անխռով, առավել ապահով ու խաղաղ կյանք՝ Տիրոջ ներկայության ու շնորհների մեջ: Հայցում ենք, որ Տերն Իր օրհնության ներքո անվրդով ու ապահով, պայծառ ու անսասան պահպանի Հայաստան ու Արցախ աշխարհները, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, աշխարհասփյուռ հայությանը, Բուլղարիայի Հանրապետությունը, Բուլղարիայի հայոց թեմն ու բուլղարահայ համայնքը՝ պարգևելով շենացում, բարգավաճում և նորանոր ձեռքբերումներ:

Փրկչի Հարության ավետիսն այսօր հրավեր է բոլորիս մեր կյանքի դժվարությունների առջև չընկրկելու, այլ աներեր կամքով ջանքեր գործադրելու լուսավոր գալիքի համար: Մեր ազգի և պետականության առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները կարող ենք վճռել կյանքը վերափոխելու ձգտումով, քրիստոնեական Մեր արժեքներին հավատարմությամբ, հայրենանվեր, ազգաշահ գործերով»,:

Ինչպես տեղեկացնում է Ռումանիոյ հայոց թեմի մամուլի դիվանը, ապրիլի 5-ին, մեռելոցի օրը, Վառնայի Ս. Սարգիս եկեղեցում, հանդիսապետությամբ Առաջնորդական տեղապահի, կատարվել է հոգեհանգստյան կարգ ննջեցյալների հոգիների հանգստության և փրկության համար, ի մասնավորի աղոթք է բարձրացվել առ Աստված Արցախյան վերջին պատերազմում նահատակված հերոսների հոգիների համար:

Ըստ աղբյուրի՝ հովվական այցի ընթացքում բոլոր քաղաքներում եկեղեցական համայնքների և վարչությունների հետ հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախյան երկրորդ պատերազմին, Հայրենիքում ստեղծված ծանր իրավիճակին և իրականացված հումանիտար ծրագրերին: Միևնույն ժամանակ բուլղարահայությունը հույս է հայտնել և հավատ, որ Արցախի հարցը լուծված չէ և որ Արցախ աշխարհը պետք է շարունակի մասը կազմել Մայր Հայաստանի և Մայր Հայրենիքի:

«Արցախի վերածնունդը և վերամիավորումը բուլղարահայության տեսլականն է և վստահաբար յուրաքանչյուր հայորդու տեսլականն ու նպատակը: Ամենուր Սրբազանն իր խոսքում մեկ անգամ ևս կոչ էր անում դուրս գալ հուսահատական վիճակից, լարել բոլոր ուժերը և ջանք ու եռանդ չխնայել Հայրենիքի համար նոր և առավել լուսավոր ապագա կերտելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ, որի համաձայն, այդ մտածումներով և Հայրենիքի վերածննդի տեսլականով էլ ապրիլի 5-ին Սրբազանը վերադարձել է Բուխարեստ, Ռումինիա:

  • Կիսվել: