կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
5 փաստաբան պատրաստ է անվճար պաշտպանել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին

5 փաստաբան պատրաստ է անվճար պաշտպանել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին

 Հայաստանի Հանրապետության 5 իրավապաշտպան պատրաստակամություն է հայտնել նախապես կազմակերպել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների պաշտպանությունը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Մայրաքաղաքում մայիսի 9-ին նրանք մեծ հանրահավաք են հրավիրում։

«Հիմք ընդունելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջադրած հանրային օրակարգը և հաշվի առնելով խաղաղ հավաքներին մասնակցող քաղաքացիների նկատմամբ ռեպրեսիաներ բանեցնելու՝ իշխող ռեժիմի հաստատուն գործելաոճը՝ մենք՝ հինգ իրավապաշտպաններս, հարկ ենք համարում քաղաքացիների իրավական պաշտպանությունն ապահովելու աշխատանքները կազմակերպել նախապես»,– «Ֆեյսբուքում» գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նրան միացել են նաև Վարազդատ Հարությունյանը, Արսեն Բաբայանը, Սերգեյ Հարությունյանը և Վահան Հովհաննիսյանը։
Նրանք նաև խնդրել են, որպեսզի բոլոր փաստաբանները, որոնք մայիսի 9-ին և հաջորդող օրերին ի վիճակի կլինեն կամավորության սկզբունքով ժամանակ տրամադրել խաղաղ ցուցարարներին իրավաբանական օգնություն տրամադրելու գործին, կապ հաստատեն իրենցից որևէ մեկի հետ։

  • Կիսվել: