երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արարատը թուրքական տարածքում է մեկ դարից ի վեր` որպես նվեր ռուսներից. Nederlands Dagblad

Արարատը թուրքական տարածքում է մեկ դարից ի վեր` որպես նվեր ռուսներից. Nederlands Dagblad

Հայաստանի զբոսաշրջային գրավչության մասին Nederlands Dagblad թերթում հրապարակվել է «Հյուրընկալ Հայաստանն այժմ զբոսաշրջիկներին է սպասարկում» վերնագրով հոդված:

Հոդվաում ասվում է, որ Հայաստանն իր բնական գեղեցկությամբ ու մշակույթով շատ բան ունի առաջարկելու: Այն առաջին երկիրն է, որը 301 թ. քրիստոնեությունն ընտրեց որպես պետական կրոն. դա տեսանելի է՝ ամենուրեք կան եկեղեցիներ և վանքեր:

«Բնակչության մեծամասնությունը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է: Երկիրը հյուրընկալ է բոլոր փախստական ճիզվիտների համար, որոնցից շատերն ընդունել են քրիստոնեություն: Եզդիները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ: Քրիստոնեական փոքրամասնությունների մեկ այլ խումբ բաղկացած է ռուսներից, որոնց նախնիները Հայաստան են ուղարկվել 19-րդ դարում (երկիրն այդ ժամանակ Ռուսաստանի տիրապետության տակ էր) »,-նշված է հոդվածում:

Խոսելով ՀՀ-ում ռուսական համայնքի մասին՝ հոդվածագիրները նշում են, որ ճիշտ եզդիների պես՝ նրանք ապրում են առանձին գյուղերում, խոսում են իրենց լեզվով և խորհրդարանում ունեն իրենց ներկայացուցիչը: 

Անդրադարձ է արվում  նաև Մասիս լեռանը՝ որպես հայկական խորհրդանիշ: Խոսվում է նաև Հայաստանի հարևանների մասին:  Հոդվածում, մասնավորապես, ասվում է. «Արարատ լեռը թուրքական տարածքում է մեկ դարից ի վեր` որպես նվեր ռուսների կողմից: Այն մեծ դեր է խաղում հայերի ընկալումներում և ազգային խորհրդանիշ է: Դուք չեք կարող չնկատել ավելի քան 5 կմ բարձրությամբ այդ լեռը հենց Թուրքիայի հետ սահմանի երկայնքով: Ինչպես հարևան Ադրբեջանի հետ՝ այդ երկրի հետ ևս շփումներ չկան, իսկ սահմանները փակ են: Հայաստան կարելի է հասնել միայն Վրաստանի տարածքով: Մետաքսի ճանապարհն անցնում է Հայաստանով: Իրանցիները սիրում են Իրանի հետ սահմանային անցումն օգտագործել իրենց խիստ ռեժիմից փախչելու և առևտուր իրականացնելու համար»:

Հոդվածագիրներն անուշադրության չեն մատնել նաև Հայոց ցեղասպանության փաստը՝ նշելով, որ ժամանակին Հայաստանի տարածքը շատ ավելի մեծ էր, քան հիմա. «Առաջին աշխարհամարտի տարիներին եղած Ցեղասպանության (դրանից առաջ և հետո այլ ջարդեր նույնպես եղել են) վկան Երևան մայրաքաղաքում տեղադրված լուռ հուշահամալիրն է: Հավերժական կրակով հուշարձանը հայացքը հառել է Արարատին, որը սուրբ լեռ է հայերի համար»:

Հայոց մշակույթը ևս պատշաճ ուշադրության է արժանացել Nederlands Dagblad-ի հոդվածում, որտեղ նշված է. «Երևանն ունի հայկական գրերին նվիրված թանգարան: Այնտեղ է գտնվում առաջին տպագիր հայերեն Աստվածաշունչը: Հետաքրքրական է, որ այն տպագրվել է Ամստերդամում: Մեկ այլ թանգարանում ցուցադրվում է գեղարդի այն մասը, որով խաչի վրա խոցվել է Հիսուս Քրիստոսը»։

  • Կիսվել: