երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արարատի մարզում մի քանի ժամվա ընթացքում հայտնաբերվել են մեծ քանակի զենք-զինամթերք, թմրամիջոցներ, խմած, առանց վարորդական իրավունքի վկայականի վարորդներ

Արարատի մարզում մի քանի ժամվա ընթացքում հայտնաբերվել են մեծ քանակի զենք-զինամթերք, թմրամիջոցներ, խմած, առանց վարորդական իրավունքի վկայականի վարորդներ

Երեկ՝ ապրիլի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները մարզում ուժեղացված ծառայության արդյունքում դրական ցուցանիշներ են արձանագրել տարբեր հանցատեսակների ուղղությամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանին, մարզերի գումարտակների հրամանատարներին փոխանցել է ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականները, որ պարեկները անցնում են ուժեղացված ծառայության։

ՀՀ ՆԳՆ ՊԾ Արարատի գումարտակի պարեկները մինչ ուժեղացված ծառայության անցնելը Արտաշատ քաղաքում, Արարատի մարզպետարանի դիմաց հրահանգներ ստացան գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի կողմից, որից հետո պարեկները բաժանվեցին խմբերի ու դուրս եկան ծառայության։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով խմբերը ղեկավարում էին գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանը, 1-ին վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանը և 2-րդ վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանը։

Մի քանի ժամվա ընթացքում  պարեկները հայտնաբերել են զենքեր ու զինամթերք, տարբեր տեսակի թմրամիջոցներ, ոչ սթափ վիճակում ավտոմեքենաներ վարող վարորդներ, առանց հաշվառման համարանիշների ավտոմեքենաներ։

Բոլոր դեպքերով օրինախախտները պարեկների կողմից տեղափոխվել են ոստիկանության տարածքային բաժիններ, որտեղ դեպքերի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել և մի մասը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Ուժեղացված ծառայության ժամանակ  2-րդ վաշտի պարեկներ Արարատ Ազատյանը, Գևորգ Աղախանյանը, վաշտի հրամանատար Գ․ Սարգսյանի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհով ընթացով «Infiniti» մակնիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում է չունենալով վարորդական իրավունքի վկայական։ Պարեկները նշված ճանապարհի 35-րդ կմ հատվածում նկատում են կասկածելի «Infiniti» և կանգնեցնում։ Տեղում պարզվում է, որ  վարորդը, Երևանի բնակիչ 21-ամյա Ստեփան Խ․-ն ոչ միայն չունի վարորդական իրավունքի վկայական այլև պարեկների հորդորով բեռնախցիկից ներկայացնում է ատրճանակ։

Վարորդը ավտոմեքենայով պարեկների կողմից տեղափոխվում է ոստիկանության Արարատի բաժին, որտեղ էլ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։

Նույն օրը ժամը 22։20-ի սահմաններում ՊԾ Արարատի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի կրտսեր պարեկ Պետրոսյանը Սիս գյուղի տարածքում ստուգման նպատակով կանգնեցնում են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան։

Տեղում պարզվում է, որ վարորդը Երևանի բնակիչ 38-ամյա Սերգեյ Ք․-ն փորձում է իրենց մոլորեցնել և երբ պարեկները մոտենում են նրան նա վերնազգեստի ծոցագրպանից լուցկու տուփ է հանում և շպրտում։ Պարեկների աչքից դա չի վրիպում և պարզվում է, որ լուցկու տուփի մեջ առկա է 2․25 գրամ քաշով դեղնականաչավուն գույնի չորացված զանգված։ Տեղում թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Սերգեյ Ք․-ին պարեկները ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Մասիսի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել և փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։ 

  • Կիսվել: