ուրբաթ, նոյեմբեր 6
6 / 11 / 2026
Անդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանը

Անդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Վիլեգաս Մեխիասին:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին՝ կարևորելով Հայաստանի և Մեքսիկայի միջև առկա համագործակցությունն ու ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում նոր ծրագրերի իրականացումը:

Նա, մասնավորապես, հիշատակել է Մեքսիկայի Սինալոա համալսարանում հայագիտական առարկաների դասավանդման ծրագիրը՝ վերահաստատելով նախարարության պատրաստակամությունը՝ ապահովելու ծրագրի աջակցության շարունակականությունը: Այս համատեքստում քննարկվել են Մեքսիկայի այլ համալսարաններում ևս հայագիտական ամբիոններ բացելու, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև միջբուհական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, կրթաթոշակային ծրագրերի և ուսանողների ակադեմիական շարժունության խթանման հեռանկարները:

Կարևորելով կրթության ոլորտում կայուն համագործակցությունը՝ կողմերն անդրադարձել են նաև Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանը:

Դեսպան Էդուարդո Վիլեգաս Մեխիասը բարձր է գնահատել հայկական փորձն ու Թորմո մոդելի ներդրումը Մեքսիկայի կրթական համակարգում: Նա առանձնակի կարևորել է նաև գիտության և նորարարության ոլորտներում կապերի ամրապնդումն ու համատեղ նախագծերի իրականացումը:

Անդրադարձ է եղել նաև մշակույթի ոլորտում ժառանգության հանրահռչակման և մշակութային արժեքների պահպանման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրագործմանը, ընդգծվել է ժամանակակից արվեստի ոլորտում ևս ակտիվ փոխգործակցումը՝ ցուցահանդեսների, մշակութային միջոցառումների անցկացման ձևաչափով:

Քննարկում է ծավալվել սպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ՝ մասնավորապես կարևորելով տարբեր մրցաշարերին մարզիկների մասնակցությունը։

Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

  • Կիսվել: