երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ամեն ինչ լավ է լինելու. Աբովյան

Ամեն ինչ լավ է լինելու. Աբովյան

Ինչ խոսք, անցած 2019 թվականը ԱԺ-ում աշխատանքային առումով շատ բարդ էր և չափազանց դինամիկ։ Այս մասին իր ֆեյսվուքյան էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ ամփոփելով 2019-ին ԱԺ աշխատանքները:

Նա, մասնավորապես, նշել է. «Իրականում Ազգային Ժողովում մենք հիմնականում ականատեսը եղանք աշխարհայացքների բախման և ցավոք շատ քիչ գաղափարների շուրջ՝ բովանդակային քննարկումների։

Դրա հետ մեկտեղ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկայացնող պատգամավորները նախաձեռնեցին՝ 91 օրենսդրական նախաձեռնություններ (որից ցավոք իշխանական թևի կողմից ընդունվեց միայն՝ 9-ը... և սա ավելի լուրջ վերլուծության թեմա է): ԲՀԿ-ն արել էր 46 առաջարկ միայն՝ ՀՀ բյուջեի վերաբերյալ (այս դեպքում, ոչ մի առաջարկ չընդունվեց, ինչը շատ լուրջ խնդիր է դառնալու ապագայի համար), ԲՀԿ-ի նախաձեռնությամբ ստեղծվեց երկու <<Քննիչ հանձնաժողով>>:

Մեր պատգամավորների մասնակցությունը չափազանց ակտիվ էր բոլոր քաղաքական գործընթացներում, որոնք տեղի ունեցան 2019 թվականի ընթացքում։
Հարյուրավոր հանդիպումներ քաղաքացիների հետ, հազարավոր նամակներ, որոնք մենք ստանում ենք մինչ օրս։
Այս ամենը վկայում է այն մասին, որ մենք վայելում ենք ՀՀ քաղաքացիների բարձր վստահությունը։

Չկար գեթ մեկ մարզ, որը վրիպեց մեր ուշադրությունից։ Առանձնահատուկ ցանկանում եմ ընդգծել, որ մենք ինչպես միշտ մեր ուշադրության կենտրոնում ենք պահում Արցախի հանրապետության հետ կապերի լայնածավալ ընդլայնումը և Արցախի Հանրապետության անվտանգության շարունակական ամրապնդման գործընթացը։ Դրա հետ մեկտեղ, արտաքին քաղաքական ասպարեզում մենք կատարեցինք հսկայական աշխատանք բոլոր ուղղություններով։

Աշխատանքներ տարվեցին մասնավորապես` թե՛ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, ՍԾՏՀ-ի, և թե՛ առանձնահատուկ մեր դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ մեր եղբայրական հարաբերությունների առավել խորացման և զարգացման ուղղությամբ։
Խմբակցության պատգամավորներն ակտիվ գործունեություն ծավալվեցին նաև ԵԽԽՎ-ի, ԵՄ-ի, ԵԽ-ի աշխատանքներում և առհասարակ բազմաթիվ աշխատանքային քննարկումներ և հանդիպումներ ունեցանք մեր եվրոպական, ասիական, ամերիկյան գործընկերների հետ։
Մշտապես ականջալուր եղանք արտախորհրդարանական ուժերի կողմից բարձրացված մտահոգիչ խնդիրներին, ամենօրյա հանդիպումներ ունեցանք մեր քաղաքացիների հետ, ինչը չափազանց կարևոր եմ համարում, եթե ոչ ամենակարևոր գործոնը մեր աշխատանքի ընթացքում։

Վստահ եղեք, մենք՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության բոլոր պատգամավորները` մեր ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, 2020 թվականին կանենք ամեն ինչ, որպեսզի ի վերջո, կարողանանք մենք բոլորս իրար հետ միասին կառուցենք հզոր, ուժեղ, երջանիկ և իսկապես բարգավաճ հայրենիք։

Շնորհավոր գալիք Ամանոր և Սուրբ Ծնունդ։
Հ.Գ.
Ամեն ինչ լավ է լինելու»։

 

  • Կիսվել: