Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ շենքում լրագրողների տեղաշարժի մասին․Ներդրվում է նոր համակարգ
Խորհրդարանում լրագրողների աշխատանքի համար հատկացվելու է երկու առանձնացված սրահ, ճեպազրույցների համար նախատեսված վայր,միայն որտեղ լրագրողները պաշտոնյաների հետ կանցկացնեն ճեպազրույցներ, հարցազրույցներ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նորընտիր նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով խորհրդարանի շենքում օգոստոսի 2-ին լրագրողների տեղաշարժի սահմանափակումների մասին հարցին:
Ալեն Սիմոնյանը նախ առաջարկեց սահմանափակում բառը չօգտագործել տվյալ դեպքում: «Լրագրողների համար ապահովվելու է հնարավորություն, որ լրագրողները ստիպված չլինեն, օրինակ, քայլել պատգամավորի հետևից, որն իրենց հարցերին չի պատասխանում կամ սպասել սենյակի առջև, որ դուրս գան: Ստեղծվելու է համակարգ, որը պաշտոնյաներին բերելու է ձեզ մոտ, և ինքը միայն դրանից հետո է դուրս գալու շենքից կամ մտնելու շենք, որպեսզի լրագրողների աշխատանքը համակարգված լինի: Համաձայնեք՝ որևիցե մեկին հաճելի չէ, երբ պատգամավորը, պաշտոնյան քայլում է, օպերատորները մեծ տեսախցիկները վերցրած հետևից վազում են, լրագրողը հարց է տալիս»,-նշեց նա՝ դիմելով լրագրողներին:
Սիմոնյանի խոսքով՝ համակարգ է ներդրվում, որը միանգամից չի գործելու: Որոշ ժամանակ անց պատգամավորները և պաշտոնյաները, որոնք կայցելեն ԱԺ, կմոտենան հատուկ հատկացված տեղ, հանդես կգան ճեպազրույցներով, ինչպես նաև առանձին հարցազրույցներ կտան: Սիմոնյանը վստահեցրեց, որ իրենց խմբակցությունը պարտավորվում է ապահովել այդ հնարավորությունը լրագրողների համար: Խմբակցությունը կունենա մամուլի պատասխանատու, որն իր վրա կվերցնի պարտականությունը՝ ապահովել լրագրողների կապը իշխող խմբակցության ներկայացուցիչների հետ: