հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայտնի են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում նախանշված անելիքները

Հայտնի են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում նախանշված անելիքները

Երեկ Էրեբունի վարչական շրջանում Երևանի քաղաքապետի ՔՊ թեկնածու, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին մոտեցավ մի քաղաքացի՝ տիկին Մարինեն, և դժգոհեց մասնավորապես Կոնդ թաղամասում գտնվող ճանապարհներից մեկից։ Տիկնոջ խոսքով՝ ճանապարհներից մեկի մայթը «զավթվել» է հարևանությամբ գործող օբյեկտի սեփականատիրոոջ կողմից, ինչի հետևանքով անանցանելի իրավիճակ է ստեղծվել։

Տիգրան Ավինյանը խոստացավ ծանոթանալ խնդրին ու հնարավորության դեպքում լուծում տալ դրան։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի «Նոր թաղամասեր» բաժնում, ի դեպ, անդրադարձ կա Կոնդ թաղամասին։ «Վերսկսելու և մինչև 2027թ. ավարտին ենք հասցնելու Երևանի ամենահին թաղամասի՝ Կոնդի վերափոխման գործընթացը։ Պահպանելու ենք թաղամասի պատմական դիմագիծը և բոլոր մշակութային հուշարձանները, բացառելու ենք բազմահարկերի կառուցումը՝ ապահովելով բնակիչների իրավունքները հողերի օտարման և վերաբնակեցման գործընթացում։

Զուգահեռ հայտարարելու ենք վերջնական հայեցակարգի և էսքիզ նախագծի բաց մրցույթ, որից հետո մեկնարկելու ենք թաղամասի վերափոխման գործընթացը»,- նշված է ծրագրում։

Ի դեպ, ՔՊ-ի նախընտրական խոստումները միայն Կոնդով չեն սահմանափակվում։ Մինչև 2028թ. նախատեսվում է ավարտին հասցնել Երևանի կենտրոնում գտնվող Նորագյուղ թաղամասի զարգացման ծրագիրը։

«Ապահովելու ենք բնակիչների իրավունքները հողերի օտարման և վերաբնակեցման գործընթացում»,- նշված է նախընտրական ծրագրում։ Մինչև 2024 թվականն էլ ամբողջությամբ փոխվելու են Հին Նորք թաղամասի ենթակառուցվածքները, և տարածքի կոլորիտին համապատասխան սալիկապատվելու են ամբողջ թաղամասի փողոցները (10.000 քմ)։ Մշակելու և եռամյա ժամկետում իրականացվելու է Հին Նորքի պահպանման և զարգացման, մառանային տնտեսություններին օժանդակելու և թաղամասը որպես Երևանի տուրիստական կենտրոններից մեկը դարձնելուն ուղղված զարգացման ծրագիր։

«Երևանի Կասկադ համալիրի չկառուցապատված վերնամասում՝ ավելի քան 8 հա տարածքում, ավարտին ենք հասցնելու Կասկադ համալիրի կառուցումը: Կառուցելու ենք մշակութային նշանակության կառույցներ, հանրային գոտիներ, հետիոտն ճեմուղի դեպի Մատենադարան և ուսանողական հատված։ Շարունակելու ենք վթարային շենքերի բնակիչների խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի մշակումն ու իրականացումը։ ՀՀ կառավարության և մասնավորապես՝ Քաղաքաշինության կոմիտեի հետ այս ուղղությամբ մշակելու ենք համատեղ գործողությունների ծրագիր՝ անհրաժեշտության դեպքում նախաձեռնելով նաև ռենովացիայի մասին նոր օրենքի մշակումը և ընդունումը»,- մասնավորապես նշված է ծրագրում։

Իսկ «Ինչ ենք արել» խորագրի ներքո նշված է հետևյալը. «Մեկնարկել ենք 2000-ականներից քննարկվող Ֆիրդուս և Հին Երևան թաղամասերի վերակառուցման ծրագրի գործնական և շինարարական փուլը։ Այժմ իրականացնում ենք լայնածավալ շինարարական աշխատանքներ, որի ավարտին Երևանի սրտում կունենանք ամբողջությամբ վերակառուցված Ֆիրդուս և Հին Երևան թաղամասեր՝ միասնական քաղաքաշինական լուծումներով:

Կարևորելով քաղաքացիների անվտանգությունը՝ մշակել և արդեն իսկ իրականացնում ենք Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան 10 և 17 վթարային շենքերի վերաբնակեցման ծրագիրը, որով նախատեսվում է բնակիչներին տրամադրել նոր բնակարաններ՝ վթարային շենքերի տեղում կառուցվող նոր բազմաբնակարան շենքերում։ Հատկանշական է, որ բնակիչների առջև նոր բնակարանների տրամադրման պարտավորությունը ստանձնում է հենց Երևանի քաղաքապետարանը՝ զերծ պահելով բնակչին կառուցապատողի կողմից հնարավոր օբյեկտիվ կամ սուբյեկտիվ ռիսկեր ստեղծելուց»։

  • Կիսվել: