Ճշմարտացի խոսքը ճաղերի հետևում թաքցնելը ոմանց հնարավորություն է տալիս շարունակել իրենց թրքական նպատակները.Հարությունյան
Վստահաբար սխալվել են, որովհետև կան մարդիկ, որոնք խոսքը նման ձևով չես լռեցնի և Արմեն Աշոտյանը պատկանում է այդ մարդկանց դասին: Այս մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
Նշենք, որ քիչ առաջ դատարանը Աշոտյանին 2 ամսով կալանավորելու մասին որոշում է կայացրել:
«Ճշմարտացի խոսքը ճաղերի հետևում թաքցնելը ոմանց հնարավորություն է ընձեռում շարունակել իրենց թրքական նպատակների իրականացումը: Խնդրին պետք է նայել ոչ թե կոնկրետ հանցագործության տեսանկյունից, այլ ինչ նպատակ էր հետապնդվում Աշոտյանին ճաղերի հետևում փակելու առումով: Մի քանի անգամ շատ ուշադիր փորձել եմ կարդալ այն նյութը, որը տարածել է Քննչական կոմիտեն. իրավունքի մասին խոսք չկա, մեկնաբանելու բան չկա, որովհետև այնտեղ ընդհանրապես իրավունքի մասին խոսքը չկա: Կարելի է հեքիաթ վերցնել ու յուրաքանչյուր 4-5 բառից հետո գրել՝ հանցավոր մտադրությամբ, կատարելով հանցագործություն, չարաշահելով պաշտոնական դիրքը»,- ասաց Հարությունյանը:
Հարցին՝ արդյո՞ք ընդդիմությունն ունի օրակարգեր և ի՞նչ գործընթացներ են մեկնարկելու, Դավիթ Հարությունյանը պատասխանեց.
«Առաջնահերթ քաղաքական ուժերի կողմից պետք է անդադար բացահայտվի ճշմարտությունը: Այդ բաց խոսքը գտնում է իր հասցեատիրոջը, և մարդիկ ընկալում են, թե ինչ է տեղի ունենում իրենց երկրի հետ: Առաջին հերթին պետք է լինի ուղիղ խոսքը ժողովրդի հետ:
Երբ խոսում ենք Սահմանադրության մասին, այն ամրագրում է մի շարք բարձրագույն արժեքներ: Ժողովրդական ապստամբությունն ընդունված է և սահմանադրական իրավունքը նաև դիտում է ժողովրդի իրավունք, թեև դրա մասին ուղղակիորեն գրված չէ, բայց բավական է բացել սահմանադրական իրավունքի որևէ դասական միջազգայնորեն ընդունված դասագիրք, և դրա մասին կտեսնեք: Դա չի նշանակում, որ դա միակ եղանակն է: Այս պահին ես չեմ տեսնում որևէ անհրաժեշտություն՝ գործելու ստանդարտ իրավական դաշտից դուրս՝ ապավինելով վերջին միջոցներին»:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են այժմ միջազգային կառույցները լռություն պահպանում՝ Դավիթ Հարությունյանն ասաց. «Մինչև 2018 թվականը սկսած 2011 թվականից ես այդ մասին բարձրաձայնել եմ: Ես նշել եմ, որ բազմաթիվ միջազգային ինստիտուտներ վերածվել են իրավունքի պաշտպաններից շահերի պաշտպանի: Մենք պետք է հասկանանք՝ ինչ շահ են նրանք հետապնդում, երբ լռում են: Այնպես չէ, որ այս երևույթը կապված է 2018 թվականի հետ: Իրենք ունեն իրենց աշխարհաքաղաքական շահերը, որոնք ամենևին չեն համընկնում հայ ժողովրդի շահերի հետ»: