երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Ադրբեջանը չարամտորեն ապակողմնորոշում է Իսլամական համագործակցության կազմակերպությանը. ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհուրդ

Ադրբեջանը չարամտորեն ապակողմնորոշում է Իսլամական համագործակցության կազմակերպությանը. ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհուրդ

2025թ․ հունիսի 21-22-ը Ստամբուլում գումարված՝ Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարական խորհրդի հերթական նիստի արդյունքում ընդունվել է հայտարարություն, որի, ինչպես նաև առանձին բանաձևերում՝ Հայաստանին և տարածաշրջանին վերաբերող հատվածները ապակողմնորոշող են, անընդունելի և խիստ մտահոգիչ։ Այս մասին ասվում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհուրդի տարածած հայտարարության մեջ: 

«Մասնավորապես, ամբողջությամբ նենգափոխված են ներկայացվում ինչպես տարածաշրջանում տեղի ունեցած պատմաքաղաքական դեպքերն ու իրադարձությունները, այնպես էլ հընթացս գործընթացները։ Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» կամ «ներկայիս Հայաստանի» նման ձևակերպումների կողքին տեղ են գտել պաշտոնական Բաքվի պետական քարոզչամեքենային բնորոշ այնպիսի կեղծ պահանջներ, որոնք վերաբերում են այսպես կոչված «բռնի և սիստեմատիկ տեղահանված» ադրբեջանցիների վերադարձի իրավունքի իրացմանը, իսլամական մշակութային ժառանգության ոչնչացմանը և այլնին։ Հայաստանը քննադատվում է «Արևմտյան Ադրբեջանի» համայնքը ներկայացնող կազմակերպությունների հետ երկխոսության չգնալու համար։ Ավելին, Հայաստանին է ներկայացվում հանուն խաղաղության պայմանագրի ստորագրման՝ ադրբեջանական անօրինական և մտացածին պահանջները բավարարելու պահանջ։

 Հայ դատի կենտրոնական խորհուրդը խստորեն դատապարտում է Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարական խորհդրի Ստամբուլի հայտարարությունն ու առանձին բանաձևերը, որոնք նպատակ են հետապնդում միակողմանի հանգամանքներով ներկայացնելու ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը և նենգափոխելու ղարաբաղյան հիմնախնդրի էությունը։ Անհրաժեշտ է արձանագրել, որ Ղարաբաղյան հակամարտության ծագումը պայմանա­վոր­ված էր ինքնորոշման իրավունքի իրացմանը հակադրված ադրբեջանական ագրեսիայով։

Ցավոք սրտի, ամբողջ իսլամական աշխարհի անունից արտահայտվող այս կազմակերպությունը հերթական անգամ տրվում է ադրբեջանական մտացածին պահանջներին և ստեղծում վտանգավոր մի իրավիճակ, որը կարող է սպառնալ ինչպես Հարավային Կովկասի, այնպես էլ հարևան տարածաշրջաններում քրիստոնյա և իսլամ բնակչության խաղաղ համակեցությանը։ Ադրբեջանի կողմից խոշոր այս կազմակերպության օգտագործումը միջկրոնական հակասություններ բորբոքելու նպատակով պետք է մերժվի իսլամ երկրների կողմից։

Նաև խիստ տարօրինակ է, որ Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարական խորհուրդը, դատապարտելով Մերձավոր Արևելքում  իսրայելական հանցագործ քաղաքականությունը, միաժամանակ չի անդրադարձել տարածաշրջանում Իսրայելի առանցքային ռազմավարական դաշնակից Ադրբեջանի գործողություններին, որոնք հակասում են հենց այդ կազմակերպության նպատակներին ու առանցքային անդամների քաղաքական դիրքորոշումներին։

Քաղաքական երեսպաշտության և միակողմանիության ցցուն դրսևորում է՝ կրկնելով ադրբեջանական շինծու պահանջները, միաժամանակ մոռանալ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիայի, ցեղասպանական քաղաքականությամբ՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման փաստի, արցախահայության վերադարձի իրավունքի իրացման ու ռազմագերիների ազատ արձակման անհրաժեշտության, Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և տարածաշրջանում Ադրբեջանի կողմից խաղաղության խաթարմանը միտված այլ գործողությունների մասին։  

Հայկական սփյուռքի մի ուրույն հատված՝ ապրելով Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում, իր փորձով գիտի քրիստոնյա և իսլամ ժողովուրդների խաղաղ համակեցության հնարավորությունը։ Ուստի վճռականորեն մերժելի է միջկրոնական ատելություն հրահրելուն ուղղված ադրբեջանական քաղաքականությունը և դրանց տուրք տալու միջազգային փորձերը։

Համաշխարհային իրադարձությունների այնպիսի ժամանակահատվածում, երբ միջազգային իրավունքը ոտնակոխ է լինում մեծ ու փոքր ուժերի կողմից, ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքներին, և «խաղաղության, գթասրտության, հանդուրժողականության, հավասարության, արդարության և մարդկային արժանապատվության բարձր իսլամական արժեքներին» հավատարմություն դավանող Իսլամական համագործակցության կազմակերպությունից ակնկալում ենք այդ սկզբունքներին համահունչ դիրքորոշում»,-նշվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: