երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՍԴ-ում առ 2020 թվականի հունիսի 26-ը ճգնաժամ չի եղել. Արևիկ Պետրոսյան

ՍԴ-ում առ 2020 թվականի հունիսի 26-ը ճգնաժամ չի եղել. Արևիկ Պետրոսյան

Առնվազն երկու տարիների ընթացքում ՍԴ կայացրած որևէ որոշում չի խոչընդոտել հանրային իշխանության և այլ մարմնի գործունեությանը: Այս մասին «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ասաց Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը։

Նա անդրադարձավ այն հարցին, թե արդյոք ճի՞շտ է այն տեսակետը, որ ՍԴ ճգնաժամի պատճառը նախկինում ընտրված դատավորներն են, նախկին ռեժիմի ներկայացուցիչները՝ Պետրոսյանը պատասխանեց. ՛՛Սահմանադրական դատարանում առ 2020 թվականի հունիսի 26-ը ճգնաժամ չի եղել՛՛:

Նա ընդգծեց նաև, որ իր համար անհասկանալի է, թե ինչ է նշանակում նախկին ռեժիմի դավավոր լինել ասվածը:

Պետրոսյանն ասաց. ՛՛Ես սկսել եմ պաշտոնավարել ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում ավարտական պետական քննություններ հանձնելու ժամանակ, ինձ հանրապետության նախագահ Լևոն տեր-Պետրոսյանի աշխատակազմից՝ իրենց նախաձեռնությամբ, հրավիրել են աշխատանքի, այնուհետև ես պաշտոններ եմ զբաղեցրել, այնպիսիք, որոնք նշանակելու իրավասությունը եղել է վարչապետներինը, նախագահինը՛՛:Նա ասաց նաեւ, որ իրեն Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշանակել է իր հրամանագրով, նշանակումները եղել են 2 անգամ, իսկ Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իրեն նշանակել է ՍԴ անդամ 2010 թվականին:

Նա հավելեց նաեւ որ բոլոր դեպքերում  ինքն է իր որոշումները կայացրել, եւ դրանց պատասխանատուն ինքն է:

Խոսելով նախկին ռեժիմի ներկայացուցիչ լինելու մասին՝ Պետրոսյանն ասաց. ՛՛Եթե դա այն է, որ տվյալ պահի քաղաքական ուժի ներկայացուցիչների կողմից կամ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նշանակումներ կատարելը կամ Ազգային ժողովում ընտրված լինելը քաղաքական ուժի ներկայացուցիչներ են, այդպիսի օրինակներ ՍԴ-ում այսօր էլ կան և ոչ միայն մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, այդպիսի նշանակումներ եղել են նաև 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո, այսինքն 2018 թվականի ապրիլից հետո, ինչպես դա եղավ Արման Դիլանյանի և Վահե Գրիգորյանի պարագայում՛՛:

Նա նաեւ շեշտեց,  պատասխանատվությամբ հայտարարում է, որ առնվազն երկու տարիների ընթացքում 2018-ից 2020 թվականի հունիսի 26-ը ՍԴ կողմից կայացրած որևէ որոշում չի խոչընդոտել հանրային իշխանության այլ մարմնի գործունեության իրականացմանը:

՛՛Ընդհակառակը, կարող եմ ներկայացնել բազմաթիվ օրինակներ, երբ ՍԴ որոշումները կենսագործելու համար հակասահմանադրական ճանաչված, սահմանադրաիրավական բովանդակության հետ կապված որոշումները և պատգամավորներն ու կառավարության անդամները դրել են իրենց օրենսդրական նախաձեռնությունների հիմքում, այդ թվում արտահերթ նիստերի միջոցով ՍԴ որոշումներից բխող անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները կատարել՛՛,-ասաց նա:

 

  • Կիսվել: