կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուսաստանին կփոխանցվի ադրբեջանցի Քամիլ Զեյնալիին Հայաստան հանձնելու գործընթացը կազմակերպելու փաստաթղթերի փաթեթը. ՆԳՆ

Ռուսաստանին կփոխանցվի ադրբեջանցի Քամիլ Զեյնալիին Հայաստան հանձնելու գործընթացը կազմակերպելու փաստաթղթերի փաթեթը. ՆԳՆ

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 21-ի կեսօրին Ռուսաստանից պաշտոնական գրություն է ստացել Հայաստանի կողմից մարդկայնության դեմ հանցագործության մեղադրանքով հետախուզվող ադրբեջանցի Քամիլ Զեյնալիին հայտնաբերելու մասին։

ՆԳՆ-ն անմիջապես հաստատել է, որ Զեյնալին Հայաստանի կողմից գտնվում է միջպետական հետախուզման մեջ, խափանման միջոցը՝ կալանք։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեց Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Փետրվարի 21-ի կեսօրին ՌԴ-ից պաշտոնական գրությամբ հետախուզումը նախաձեռնող ստորաբաժանմանը տեղեկացվել է հետախուզվողի հայտնաբերման մասին եւ խնդրվել է վերահաստատել հետախուզման փաստը։ Ի պատասխան՝ հետախուզումը նախաձեռնող ստորաբաժանման կողմից անմիջապես հաստատվել է, որ տվյալ անձը գտնվում է միջպետական հետախուզման մեջ․ խափանման միջոցը՝ կալանք։ Չնայած հետախուզվող անձի ազատ արձակման մասին տարածված լուրերին՝ ներքին գործերի նախարարության կողմից իրականացվել է հանձնման արարողակարգով նախատեսված փաստաթղթերի փաթեթի նախապատրաստում, որը կներկայացվի ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՌԴ իրավապահ մարմիններին փոխանցելու եւ հանձնման հետագա գործընթացը կազմակերպելու ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու նպատակով»,- ասաց ՆԳՆ մամուլի խոսնակը։

Նշենք, որ Զեյնալովը ձերբակալվել էր Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում և սոցիալական ռեսուրսներով հայտնել, որ իրեն ձերբակալել են Հայաստանի պահանջով։

Նշենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Զեյնալովը անպաշտպան հայ ծերունու կոկորդը կտրել էր, այդ ամենը ծիծաղելով տեսանկարահանել և տարածել սոցիալական ցանցերով։ Տեսանյութը արժանացել էր ադրբեջանական հասարակության բուռն հավանությանը։

2020 թվականին Զեյնալովը նաև հանդես էր եկել հանրային կոչերով՝ սադրելով ռուսաստանաբնակ ադրբեջանցիներին հարձակումներ գործել ՌԴ հայերի վրա։

  • Կիսվել: