երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Զեյնալին ՀՀ-ի կողմից հետախուզվում է մարդկայնության դեմ հանցագործությունների մեղադրանքով․ փաստաբանը մանրամասներ է հայտնել

Զեյնալին ՀՀ-ի կողմից հետախուզվում է մարդկայնության դեմ հանցագործությունների մեղադրանքով․ փաստաբանը մանրամասներ է հայտնել

Մոսկվայում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալիի փաստաբան Ալեքբեր Գարաևը մանրամասներ է հայտնել, թե ինչ մեղադրանքներով է Հայաստանը միջազգային հետախուզում հայտարարել Զեյնալիի նկատմամբ։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Գարաևն ասել է, որ նրան մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 135-րդ (մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ), 147-րդ (վարձկանությունը) և 149-րդ (ռազմական ագրեսիան) հոդվածներով։ 

Փաստաբանը նաև հայտնել է, որ Զեյնալիի նկատմամբ դատավարությունը տեղի կունենա փետրվարի 22-ին։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Զեյնալիին մեղադրանք է առաջադրված նաև ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով (պատերազմ վարելու արգելված եղանակների կիրառմամբ պատերազմական հանցագործությունները): 

Ավելի վաղ ՀՀ ՆԳՆ խոսնակը հայտնել էր, որ Հայաստանը Քամիլ Զեյնալիի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ սպանության մեղադրանքով։

Նշենք, որ այսօր առավոտյան մոսկովյան Դոմոդեդովո օդանավակայանում ռուս իրավապահները ձերբակալել էին 44-օրյա պատերազմի ժամանակ անպաշտպան ծերունու և նրա որդու պարանոցները կտրած ադրբեջանցի Քամիլ Զեյնալիին, ով պատերազմից հետո նաև հանդես է եկել ռուսաստանաբնակ ադրբեջանցիներին ուղղված կոչերով՝ սադրելով նրանց հարձակումներ կազմակերպել ՌԴ հայերի դեմ։

Զեյնալին սոցցանցերում հայտնել էր, որ իրեն ձերբակալել են Հայաստանի պահանջով։ Հետագայում ՆԳՆ-ից InfoPort.am-ին հայտնեցին, որ ՀՀ-ն միջազգային հետախուզում էր հայտարարել ադրբեջանցի մարդասպանին։ Զեյնալին իր տեսաուղերձում խնդրում էր նախագահ Ալիևին օգնել իրեն, քանզի նա «ամեն ինչ արել է հանուն մեծն նախագահ Ալիևի և Ալլահի»։

  • Կիսվել: