հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Պատգամավորներից մեկը տարվել է Ոստիկանություն, մյուսը՝ դիմել բուժհաստատություն. ՔԿ-ն՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին

Պատգամավորներից մեկը տարվել է Ոստիկանություն, մյուսը՝ դիմել բուժհաստատություն. ՔԿ-ն՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին

Ազգային ժողովում պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի մասին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է ահազանգ։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
 
«Այս պահին քննիչները դեպքի վայրում են, իրականացնում են կատարվածի նախնական հանգամանքները պարզելուն ուղղված գործողություններ։
 
Ներկա պահին կարող եմ միայն ասել, որ պատգամավորներից մեկը տարվել է Ոստիկանության բաժին, մեկ այլ պատգամավոր բուժօգնության է դիմել բուժհաստատություն։
 
Որոշակի տվյալների ձեռքբերումից հետո ՀՀ քննչական կոմիտեն հնարավորինս սեղմ ժամկետներում պաշտոնական տեղեկատվություն կտարածի»,- Ֆեյսբուքի էջում գրել է Աբրահամյանը:
 
Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել:
 
InfoPort.am-ի տեղեկություններով իշխանական Վարդանյանին ծեծած ընդդիմադիր վարորդ-պատգամավոր Սահակյանը միջադեպից հետո թաքնվել է ԱԺ կանանց զուգարանում։
 
InfoPօrt.am-ին նաև հայտնի է դարձել ծեծկռտուքի պատճառը։ Մասնավորապես, երբ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը սկսել է խոսել ՀՀ ՍԴ կողմից սահմանադրական ճանաչված Հռոմի ստատուտի մասին, դաշնակցական Մհեր Սահակյանը նրան հարցրել է, թե ինչ կարծիք ունի Ռուսաստանի առարկություններին այդ հարցի շուրջ։ Վլադիմիր Վարդանյանն էլ նրան ասել է, որ լռի ու լսի, թե ինչ կարծիք ունի, որից էլ սկսել է քաշքշուկը ու հարվածները։

  • Կիսվել: