հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պաշտոնյային զրպարտելու համար հնարավոր է դատապարտվել

Պաշտոնյային զրպարտելու համար հնարավոր է դատապարտվել

Դատախազությունն առաջարկում է հանրային ծառայողին զրպարտելը դիտարկել որպես առավել բարձր հանրային վտանգավորություն ունեցող արարք՝ նախատեսելով քրեական պատասխանատվություն: Նախագիծը հրապարակվել է E-draft.am միասնական տեղեկատվական հարթակում փետրվարի 17-ին, քննարկման տևողություն է սահմանվել մինչ մարտի 4-ը: Այս ժամկետից հետո նախագիծը Կառավարության դրական եզրակացությունը ստանալու պարագայում ուղարկվելու է խորհրդարան, գրում է hetq.am-ը:

Առաջարկվում է Քրեական օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով, ըստ որի հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով(100 հազարից մինչև 500 հազար):

Նույն արարքը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով՝ կապված հանրային ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով (500 հազարից մինչև 3 միլիոն դրամ) կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Նախագծով առաջարկվում է նաև ընդլայնել իշխանության ներկայացուցիչ համարվող անձանց շրջանակը: Ըստ այդմ՝ իշխանության ներկայացուցիչ է համարվում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձը, ով ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով, նույն օրենսգրքի իմաստով՝ իշխանության ներկայացուցիչ է համարվում նաև «Հանրային ծառայության մասին» օրենքով պետական կամ համայնքային քաղաքական, վարչական կամ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը:

Գործող օրենքով՝ իշխանության ներկայացուցչի պարտադիր տարր է հանդիսանում, ի թիվս այլնի, կարգադրիչ լիազորություններով օժտված լինելու հանգամանքը: Սակայն, ինչպես նշվում է նախագծում, պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ հանրային ծառայության համակարգում բարձր կարգավիճակ ունեցող անձանց կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրվել կամ բռնություն գործադրելու սպառնալիք է եղել, բայց  հնարավոր չի եղել արարքը որակել որպես վիրավորանք կամ զրպարտություն, քանի որ կարգադրիչ լիազորությունը բացակայել է:

Ուստի անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան փոփոխություն Քրեական օրենսգրքում, որի միջոցով որպես տուժող հանդես կգան ոչ միայն իշխանության ներկայացուցիչը կամ նրա մերձավոր ազգականը, այլև «Հանրային ծառայության մասին» օրենքով պետական կամ համայնքային քաղաքական, վարչական կամ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք:

Նախագիծը մշակել է Դատախազությունը, սակայն հանրային քննարկման է ներկայացրել Արդարադատության նախարարությունը: Արդարադատության նախարարությունից նշեցին՝ հարցին պետք է համակարգային մոտենալ: Ըստ գերատեսչության պատասխանի՝ ակնհայտ է, որ անձի արժանապատվության պաշտպանության մեխանիզմները թերի են, և խնդիրներ կան, բայց նշված կարգավորմանն իրենք դեմ են: Այժմ աշխատում են համակարգային լուծումներ առաջարկելու ուղղությամբ։

Դատախազությունից էլ նախագծի հիմնավորման մեջ պնդում են, թե հանրային կյանքում մարդկային հարաբերությունների որակի նվազումն իր ազդեցությունն է թողել նաև հանրային իշխանության նկատմամբ հարգանքի վրա, ինչի վկայությունն այն է, որ հաճախակիացել են դեպքերը, երբ հանրային ծառայության մեջ գտնվող անձին, այդ թվում՝ հանրային ծառայության համակարգում բարձր կարգավիճակ ունեցող անձին վիրավորում կամ զրպարտում են:

«Ընդ որում, դա դրսևորվում է հրապարակայնորեն և ամենակարևորը՝ ուղղակիորեն փոխկապակցված է լինում տվյալ անձի կարգավիճակի հետ: Այսինքն, անձին վիրավորում կամ զրպարտում են ոչ թե նրան դիտարկելով որպես իրավահարաբերությունների մասնավոր սուբյեկտ, այլ որպես հանրային ծառայության մեջ գտնվող անձի, որը կատարում է իր ծառայողական պարտականությունները: Նման պարագայում, երբ անձին իր ծառայողական պարտականությունները կատարելու համար հասցվում է վիրավորանք կամ զրպարտություն, համարժեք իրավական արձագանք է անհրաժեշտ: Անշուշտ, այս խնդրի ամբողջական և երկարաժամկետ լուծումը պահանջում է գաղափարական-տեղեկատվական մեծ աշխատանք, սակայն խնդիրն իր բնույթով, ծավալավ այնքան տարածված է և նաև միտումներ ունի ավելի ընդլայնվելու, որ իրավական պատասխանատվության միջոցով կանխարգելման մեխանիզմներ ներդնելն անհրաժեշտություն է դարձել»,-նշվում է նախագծում:

Նախագծի վերաբերյալ դատախազությունից հրաժարվեցին մեկնաբանել:

Ուշագրավ է, որ սա արդեն երկրորդ նախագիծն է, որը վերաբերում է վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման ավելացմանը: ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագծով վիրավորանքի համար սահմանվել է 5 միլիոն դրամ փոխհատուցում, զրպարտության համար՝ 10 միլիոն դրամ: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է:

  • Կիսվել: