երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Նրան միանգամից տրվել է կասկածյալի դատավարական կարգավիճակ. պաշտպանը՝ Թավադյանի մասին

Նրան միանգամից տրվել է կասկածյալի դատավարական կարգավիճակ. պաշտպանը՝ Թավադյանի մասին

Արմեն Թավադյանը հրաժարվում է որեւէ կերպ առնչություն ունենալ ՀՔԾ-ի հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «5-րդ ալիքի» սեփականատեր Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Հիշեցնենք, որ այսօր Արմեն Թավադյանը ձերբակալվել է՝ ըստ ոստիկանության՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործով։

Ինչպես տեղեկացրել է պաշտպանը՝ Թավադյանն այս գործի վերաբերյալ որեւէ վերաբերմունք չի դրսեւորել, ցուցմունք չի տվել: Նա նշել է. «Գտնում է, որ իրեն այս գործով քրեական հետապնդման ենթարկելու որեւէ հիմք չկա։ Սա ինչ-որ իմաստով քաղաքական գործունեության՝ որպես ԶԼՄ-ի սեփականատեր, լռեցնելու նպատակով է արվել»։

Խուդոյանն ասել է, որ Թավադյանին բերման են ենթարկել Մաշտոցի պողոտայից այսօր՝ 14։20-ին: նա, մասնավորապես, նշել է, որ որեւէ հրավեր մինչեւ այդ չի եղել, նրան միանգամից տրվել է կասկածյալի դատավարական կարգավիճակ։ «Այժմ այդ կասկածը հաստատվել ու  ներկայացվել է, պարոն Թավադյանը ձերբակալվել է, հիմա տեղափոխվում է ձերբակալվածների պահման վայր»,-ասել է պաշտպանը։

Խուդոյանի խոսքով՝ ձերբակալման արձանագրության մեջ անորոշ եւ անտրամաբանական բաներ կան: «Մեզ հիմքերը դեռ պարզ չեն, որովհետեւ ձերբակալման արձանագրության մեջ նշված է «այլ անձանց գործողություններ», որեւէ կերպ նշված չէ, որ Թավադյանի կողմից որեւէ գործողության կատարում։ Վերջում այդ անձանց գործողությունները վերագրվել են պարոն Թավադյանին։ Որեւէ տրամաբանական բացատրություն չկա, թե իր ո՞ր գործողությունն է ՀՔԾ-ն համարում ապօրինի»,-նշել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը ծանոթացե՞լ է Վարուժան Մկրտչյանի տված ցուցմունքներին, պաշտպանն ասել է. «Եթե ՀՔԾ-ի կարծիքով Վարուժան Մկրտչյանը ենթադրյալ հանցագործության կատարողն է, եւ որեւէ կերպ փորձում են կապել Թավադյանի հետ, ապա որեւէ տարբերակված մոտեցումը կրկին կասկածների տեղիք կտա, որ սա ուղղորդված գործընթաց է հենց Թավադյանի դեմ»։

Խուդոյանն անդրադարձել է նաեւ այն հարցին, թե արդյոք Վարուժան Մկրտչյանի խափանման միջոց ընտրված ստորագրությունն ինչ-որ ենթադրությունների առիթ տալի՞ս է, թե՞ ոչ: Նա ասել է. «Այդ ենթադրությունները պետք է փաստարկված լինեն, նոր ներկայացվեն հանրությանը։ Խափանման միջոցներ կիրառելուց պետք է առավելագույն մեղմ միջոցը կիրառել, եթե առկա է դրա հնարավորությունը»։

Հիշեցնենք, որ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (Սուտ ցուցմունք տալու նպատակով վկային կամ տուժողին կաշառելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Թավադյանը ձերբակալվել է նույն քրեական գործի շրջանակում, նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով։

Նշենք նաեւ, որ, ըստ ոստիկանության, Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել Մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից եւ չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ոստիկանության տեսանյութն ապացույցն է իշխանության կեղտոտ խաղերի, եւ որ պաշտպանական կողմը որեւէ նպատակ չունի գործի քննությանը խոչընդոտելու:

  • Կիսվել: