երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Մհերը սպանեց երիտասարդի, դեռ կյանք չտեսած մարդու». սպանվածի քույր (տեսանյութ)

«Մհերը սպանեց երիտասարդի, դեռ կյանք չտեսած մարդու». սպանվածի քույր (տեսանյութ)

Մհերը սպանեց երիտասարդի, դեռ կյանք չտեսած մարդու: Սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանին ազատ արձակելու միջնորդությամբ այսօրվա դատական նիստի ընթացքում այս մասին ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի սպանված ուսանող Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան։

«Բոլոր մտավորականները թող մի վայրկյան պատկերացնեն, որ Ենոքյանը մտավ իրենց տուն, որ Մհերը սպանեց իրենց որդուն, երիտասարդ, շատ լավ դաստիարակություն ստացած, դեռ կյանք չտեսած», - նշեց Աղաջանովան։

Սպանվածի քույրը նշեց, որ իր եղբյարը  «ֆիզիկապես շատ ուժեղ է եղել, պարապած տղա էր և հնարավոր չէր սպորտսմեն տղային մի հոգով հաղթել»։

«Խոսք չի կարող գնալ նրա մասին, որ մենք ներենք նրան (Մհեր Ենոքյանին-խմբ․), մենք զղջում ենք միայն նրա համար, որ 2-րդ մարդասպանն ազատության մեջ է, մի հոգով չէին կարող դա անել, երկուսն էն մեղավոր, ափսոս, որ 2-րդը ազատության մեջ է իր պատիժը 15 տարի կրելուց հետո», - իր խոսքն ամփոփեց սպանվածի քույր Ելենա Աղաջանովան։

Հիշեցնենք, որ ընթացող դատական նիստը վերաբերում էր իր համակուրսեցի ԵՊԲՀ ուսանող Իոսիֆ Աղաջանովին 1996 թվականին առանձնակի դաժանությամբ սպանած Մհեր Ենոքյանին։

Դեպքը տեղի էր ունեցել 28 տարի առաջ։ 19-ամյա Իոսիֆ Աղաջանովի սպանության համար դատապարտվեցին նրա համակուրսեցիներ Արամ Հարությունյանը՝ 15 տարի, և Մհեր Ենոքյան՝ գնդակահարություն, որը հետագայում փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ։

Մհեր Ենոքյանն իր ազատազրկման ընթացքում փորձել է 2 անգամ փախուստի դիմել՝ արդեն իսկ, ըստ դատախազության, ունենալով փախուտի հակում ունեցող ազատազրկված անձ։

Մանրամասները՝ 24news.am-ի տեսանյութում.

  • Կիսվել: