շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մհեր Սահակյանի նկատմամբ նախաքննությունն ավարտական փուլում է. փաստաբան

Մհեր Սահակյանի նկատմամբ նախաքննությունն ավարտական փուլում է. փաստաբան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ նախաքննությունն ավարտական փուլում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Իմ գործընկեր Ռուբեն Հակոբյանի հետ միջնորդել ենք կատարել «ցուցմունքը տեղում ստուգելու» քննչական գործողություն (ՔԴՕ 225 հոդված), այն է՝ հնարավորություն տալ Մհերին դեպքի վայրում վերարտադրել իր ցուցմունքը, տեղում ցույց տալ, թե ով որտեղ էր նստած, հետո որ ուղղությամբ շարժվեցին, որտեղ էին կանգնած ինքն ու Վ.Վարդանյանը՝ հարվածի պահին։

Կարծում ենք՝ այս միջնորդությունը մերժելու հիմքեր չկան, քանի որ ցուցմունք տալը մեղադրյալի ԻՐԱՎՈՒՆՔՆ Է (այսինքն՝ մեղադրյալն իրավունք ունի պահանջել ցուցմունք տալ), իսկ համաձայն ՔԴՕ 6-րդ հոդվածի 51-րդ կետի ներքո՝ «ցուցմունքը տեղում ստուգելը» ցուցմունք տալու եղանակներից մեկն է»,- գրել է նա։

Նշենք, որ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 297-րդ հոդվածի (խուլիգանություն) առաջին մասով եւ 171-րդ հոդվածի (առողջությանը թեթեւ վնաս պատճառելը) 2-րդ մասի 7-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելու մասին արգելքը:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին ՔՊ–ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի եւ Մհեր Սահակյանի միջեւ միջադեպ էր տեղի ունեցել Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում։

Ըստ նախաքննական մարմնի՝ Մհեր Սահակյանը մոտեցել  է պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին եւ աջ ձեռքով դիտավորությամբ հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին։ Հարվածի հետեւանքով Վարդանյանի առողջությանը պատճառվել է թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով:

Աննա Վարդապետյանն ապրիլի 11-ին խորհրդարանում ներկայացրեց Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու միջնորդությունը: Փակ գաղտնի քվեարկությամբ Մհեր Սահակյանը զրկվեց անձեռմխելիությունից:

Մհեր Սահակյանն ասել էր, որ կողմ է քվեարկելու իր նկատմամբ քրեական վարույթ հարուցելուն։

  • Կիսվել: