«Կորեայի ձոր»-ի մոտ մեքենան կողաշրջվելով՝ ընկել ձորը․ կա զոհ․ ՔԿ (տեսանյութ)
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղուց դեպի Կոտայքի մարզի Զովունի գյուղ տանող Կորեայի ձոր կոչվող ավտոճանապարհի 2,8 կմ հատվածում տեղի ունեցած՝ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով, 2022 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Mercedes Benz մակնիշի վարորդը հիշյալ վայրում ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվելով ընկել ձորը, որի հետևանքով վերջինս և ավտոմեքենայում գտնվող ուղևորներից մեկը մահացել են, իսկ մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն։