շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ավելի քան 315 մլն ՀՀ դրամի հափշտակություն երիտասարդի կողմից․ տուժել է 23 անձ․ նախաքննությունն ավարտվել է

Ավելի քան 315 մլն ՀՀ դրամի հափշտակություն երիտասարդի կողմից․ տուժել է 23 անձ․ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է Գյումրի քաղաքի՝ 1997թ․ ծնված բնակչի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր ավելի քան 315 մլն ՀՀ դրամից ավելի գումար հափշտակելու բազմադրվագ դեպքի նախաքննությունը։ Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:
 
«2019թ․-ի մայիսին, Երևանի բնակիչ Ս․Դ․-ն, ով հանդիսանում է ՍՊԸ ընկերության տնօրեն, հաղորդում է ներկայացրել այն մասին, որ մայնինգ կատարող սարքեր ձեռք բերելու և այդպիսով շահույթ ստանալու նպատակով՝ 2018թ. հոկտեմբերից համագործակցություն է սկսել գործարար ներկայացած Ս․Խ․-ի հետ, ինչի արդյունքում՝ վերջինս իրենից հափշտակել է առանձնապես խոշոր չափի գումար։
Բազմակողմանի քննությամբ բացահայտվել է 26-ամյա երիտասարդի կողմից իրականացված սխեմատիկ բնույթ ունեցող խարդախությունների շղթա։
Մասնավորապես, ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ վերջինս, շահույթ ստանալու պատրվակով, ինչպես Ս․Դ․-ին, այնպես էլ մի քանի այլ անձանց առաջարկել է գնել նյութական արժեք ներկայացնող և իբրև թե համապատասխան կրիպտոբորսայում վաճառելու հնարավորությամբ օժտված մայնինգ կատարող սարքեր, և հիշյալ անձացից մոտ մեկ տարի շարունակ խաբեությամբ ստացել ընդհանուր 315․ 788․ 602 ՀՀ դրամ գումար։
 
Երիտասարդը նախ ՍՊԸ-ի տնօրեն հանդիսացող գործարարին հավաստիացրել է, որ անձամբ է զբաղվում հիշյալ սարքերի ներմուծմամբ, վստահություն ձեռք բերելու նպատակով ցույց տվել իր բջջային հեռախոսում գրանցված բանկային հաշիվներին ստացված ինչ-որ գումարներ, ապա նրան առաջարկել 1.154.280 ՀՀ դրամին համարժեք 2400 ԱՄՆ դոլարով ձեռք բերել «Antminer Z9 mini» սարք՝ խոստանալով դրա գործարկումից վերջինիս ապահովել ամսական 280.000 ՀՀ դրամի չափով շահույթ:
 
Ստանալով Ս․Դ․-ի համաձայնությունը՝ հանցագործության կատարման պահին 22-ամյա երիտասարդը վերցրել է պահանջված գումարն ու շուրջ մեկ ամիս անց ՍՊԸ տնօրենին մետաղյա թիթեղով պատված ինչ-որ սարքավորում ներկայացրել որպես «Antminer Z9 mini» սարք՝ առաջարկելով խոստացված եկամտաբերությունն ապահովելու համար այն տեղադրել իբրև թե իր հորը պատկանող, սակայն իրականում գոյություն չունեցող գործարանում:
 
Հետագայում, ավելի մեծ եկամուտ ստանալու պատրվակով գործարարին առաջարկվել է գնել տասնյակ այլ սարքեր, ինչի դիմաց երիտասարդը նրանից ինչպես առձեռն, այնպես էլ փոխանցման միջոցով մաս-մաս ստացել է ընդհանուր 811.000 ԱՄՆ դոլար գումար, որից 25.949.232 ՀՀ դրամի չափով ավելի ուշ մաս-մաս որպես եկամուտ փոխանցել է Ս․Դ․-ին՝ սկզբնական շրջանում նրա վստահությունը չկորցնելու նպատակով:
 
Այնուհետև, չկատարելով իր ստանձնած պարտավորությունը, երիտասարդը շուրջ 40 հատ՝ բարձր եկամտաբերությամբ և որակական հատկանիշներով սարքեր տրամադրելու փոխարեն գործարարին տրամադրել է խոստացվածից խիստ ցածր որակական հատկանիշներով սարքավորում՝ այդպիսով նրանից հափշտակելով 13.468.763 ՀՀ դրամ գումար:
 
Բացի այդ, երիտասարդը, տեղեկանալով նաև Ս․Դ․-ի հետ փոխկապակցված անձանց՝ ֆինանսապես ապահովված լինելու մասին և օգտագործելով գործարարի մոտ ձեռք բերած վստահությունը, վերջինիս միջոցով՝ նույն պայմաններով մայնինգ սարքեր ձեռք բերելու հարցի շուրջ համաձայնության է եկել նաև նրա հարազատների և ընկերների, վերջիններիս միջոցով էլ՝ տասնյակ այլ անձանց հետ, որոնցից նույնպես նույն եղանակով պարբերաբար խաբեությամբ ստացել և հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումարներ՝ պատվիրված սարքերը տարբեր պատճառաբանություններով չփոխանցելով, և շարունակ խուսափելով վերջիններիս զանգերից։ Նրա հանցավոր գործողություններից տուժել է ընդհանուր 23 անձ։
 
Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա, Գյումրիի բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը համապատասխանում է գործող օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին (6 դրվագ)։
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին, այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։
 
Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: