շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Կայարանցի Թևոսիկի» եղբոր սպանությունը կազմակերպելու համար դատապարտված Իսոյի պատժաչափը փոփոխվել է

«Կայարանցի Թևոսիկի» եղբոր սպանությունը կազմակերպելու համար դատապարտված Իսոյի պատժաչափը փոփոխվել է

Քրեական հեղինակություն «Կայարանցի Թեւոսիկի» եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության դեպքից 7 տարի անց Վճռաբեկ դատարանը փոփոխել է սպանությունը կազմակերպելու գործով դատապարտված Իսրայել Սարգսյանի՝ Իսոյի պատժաչափը և նրա նկատմամբ վերջնական պատիժ թողել կրելու 23 տարի 1 ամիս ժամկետով ազատազրկումը։ Այս մասին տեղեկանում ենք՝ ծանոթանալով դատական տեղեկատվական համակարգում հրապարակված Վճռաբեկ դատարանի որոշմանը։

Հիշեցնենք, որ Արթուր Սաֆարյանի սպանությունը տեղի է ունեցել 2014-ի հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը: Համաձայն գործի նյութերի` Իսրայել Սարգսյանը կազմակերպել է Արթուր Սաֆարյանի սպանությունը, ապա սպանությունը կատարած Մովսես Ներսիսյանին սպանել է Դավթաշենում գործող «Մագնում» հյուրանոցում, դիակը տեղափոխել ու նետել Զովունի-Քանաքեռավան տանող ճանապարհին գտնվող կոյուղու դիտահորը:

Ներսիսյանի դին այդպես էլ մինչ օրս չի հայտնաբերվել, իսկ ինքը՝ Սարգսյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Իսրայել Սարգսյանը նախքան կալանավորվելը եղել է «Դուքենդո» կարատեի ֆեդերացիայի անվտանգության ծառայության պետը, իսկ 1998-ին դատապարտվել է Արմեն Տեր-Սահակյանի հայտնի բանդայի կազմում սպանություն և սպանության փորձ կատարելու համար:

Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 20-ի դատավճռով Իսրայել Սարգսյանը մեղավոր էր ճանաչվել Սաֆարյանի սպանության կատարմանն օժանդակելու, ապա հանցանքը թաքցնելու նպատակով՝ մեկ այլ սպանություն կատարելու, ինչպես նաև ապօրինի զենք–զինամթերք ձեռք բերելու և պահելու համար և դատապարտվել 25 տարվա ազատազրկման։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն էլ 2019 թվականի ապրիլի 26-ի որոշմամբ մասնակիորեն բավարարել էր Իսրայել Սարգսյանի պաշտպանի բողոքը և առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը մասնակիերոն փոփոխել։ Մասնավորապես վերաքննիչ ատյանի որոշմամբ՝ Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (զենք–զինամթերք ձեռք բերելը) քրեական հետապնդումը դադարեցվել էր, իսկ մյուս հոդվածների համակցությամբ նշանակված պատժաչափը նվազեցվել։ Արդյունքում նրա նկատմամբ պատիժ էր սահմանվել 19 տարի ժամկետով ազատազրկումը։

Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ. Մելքոնյանը։ Վերջինս Վճռաբեկ դատարանից պահանջել էր մասնակի բեկանել ստորադաս դատարանի դատական ակտը` օրինական ուժ տալով և պատճառաբանելով 1-ին ատյանի դատական ակտը։

Արդյունքում Վճռաբեկ դատարանը բավարարել էր դատախազի բողոքը։ Իսրայել Սարգսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 26-ի որոշումը մասնակիորեն` ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությանն օժանդակելը) բեկանել էր և այդ մասով օրինական ուժ տվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռին, իսկ Իսրայել Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին (զենք–զինամթերք ձեռք բերելը) մասով քրեական հետապնդումը դադարեցնելու մասով վերաքննիչի որոշումը թողել էր անփոփոխ։

Վճռաբեկ դատարանը որոշել էր Սարգսյանի պատժաչափից հանել զենք–զինամթերք պահելու համար առաջին ատյանի դատարանի տված պատիժը և վերջնական թողել կրելու` հանցանքների համակցության կանոններով նշանակված` 23 տարի 1 ամիս ժամկետով ազատազրկումը:

Վճռաբեկ դատարանը, պատճառաբանելով Սարգսյանի գործով որոշումը, արձանագրել էր, որ պատվերով սպանության քրեաիրավական հատկանիշների մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր։ Այս գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացվել էր այն իրավական հարցը, թե հիմնավորվա՞ծ է արդյոք ամբաստանյալ Սարգսյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (պատվերով սպանության օժանդակելը) նախատեսված հանցակազմի հատկանիշների բացակայության վերաբերյալ։

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Սարգսյանը տեղեկացված է եղել որոշակի շրջանակի անձանց հետ Թևոս և Արթուր Սաֆարյանների ունեցած խնդիրների, այդ խնդիրները Սաֆարյաններին և նրանց շրջապատի անձանց սպանելու միջոցով լուծելու մտադրության, Տիգրան Ասատրյանի վերաբերյալ որոշ շրջանակներում առկա խոսակցությունների, ինչպես նաև Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանին սպանելու վերաբերյալ Մոսկվայից ստացված պատվերի մասին։

Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ գործում առկա փաստական տվյալների համակցությունից բխում է, որ ամբաստանյալ Սարգսյանն առնվազն տեղյակ է եղել, որ Սաֆարյանի սպանությունը պատվիրված է, այն է՝ Ներսիսյանը Մոսկվայից սպանության պատվեր է ստացել, իսկ ինքն էլ անձամբ օժանդակել է նշված հանցագործության կատարմանը` տրամադրելով անհրաժեշտ միջոցներ և տեղեկատվություն:

Այլ կերպ՝ Սարգսյանը գիտակցել է, որ հանցակցում է պատվերով սպանության կատարմանը, հետևաբար առաջին ատյանի դատարանի այն դիրքորոշումը, որ Սարգսյանին մեղսագրվող արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներին (պատվերով սպանությունն աօժանդակելը), իրավաչափ է, բխում է գործում առկա ապացույցների համակցությունից։

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Սաֆարյանի սպանության դրվագով առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է այդ մասով Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի ապրիլի 26-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 20-ի դատավճռին։

Վճռաբեկ դատարանի այս որոշումն օրինական ուժի մեջ է մտել այս տարվա հունվարին, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

  • Կիսվել: